Լիբանանի վարչապետ Նաջիբ Միկատին մարտի 22-ի երեկոյան պաշտոնապես հայտարարել է իր կառավարության հրաժարականի մասին։

«Ես վստահ եմ, որ Լիբանանի իրավիճակը երկրում ազգային փրկության կառավարություն ստեղծելու պահանջ է առաջ քաշում՝ առանց բացառության քաղաքական բոլոր ուժերի մասնակցությամբ», - Սերայի պալատում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Լիբանանի վարչապետը։

Միկատիի խոսքով՝ կառավարության հրաժարականը ազգային երկխոսության նոր փուլ սկսելու հնարավորություն է ընձեռում, ինչը «չափազանց կարեւոր է երկրում քաղաքացիական խաղաղության եւ համաձայնության պահպանման համար»։ Վարչապետ Միկատին հավելել է, որ հրաժարական է տալիս իր հայրենի Տրիպոլիում արյունահեղությունների պատճառով», հայտնում է «ԱիՖ»-ը։

Միկատին, ըստ rbc-ի, իր հրաժարականի մասին հայտնել է այն բանից հետո, երբ շիական «Հեզբոլլահ» շարժումը եւ խորհրդարանում նրա դաշնակիցները արգելափակել են երկրում խորհրդարանական ընտրությունները վերահսկող մարմնի ստեղծման մասին օրենքի ընդունումը եւ դեմ են արտահայտվել երկրի անվտանգության ծառայության ղեկավարներից մեկի՝ գեներալ Աշրաֆ Ռիֆիի լիազորությունների ժամկետը երկարացնելուն։

«ՌԻԱ Նովոստին» հայտնում է, որ վարչապետի հրաժարականի մասին հայտարարությունից հետո Լիբանանի հյուսիսային մայրաքաղաք Տրիպոլիում բախումները վերսկսել են։  Ավելի վաղ վեց հոգի զոհվելուց հետո կողմերը պայմանավորվել էին հաշտության մասին։ 

Լրատվամջոցները հայտնում են, որ գիշերը Տրիպոլիի կենտրոնական հրապարակում հավաքվել են հրաժարական տված Միկատիի կողմնակիցները, որոնք փակել են հրապարակի եւ շրջակա փողոցների երթեւեկությունը։