Հայ ազգային կոնգրես կուսակցության համագումարը կկայանա ոչ թե մարտի 22-ին, այլ ապրիլի 13-ին: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց «Ժողովրդի իշխանության» նախաձեռնության ղեկավար Զոյա Թադեւոսյանը:
Նա նշեց, որ համագումարը հետաձգվել է տեխնիկական պատճառներով: «Կասկած կար, որ մինչեւ մարտի 22-ը մենք չէինք ստանա Արդարադատության նախարարության հաստատումը ՀԱԿ-ի գրանցման մասին եւ պետք էր կնիք ունենալ, բարեբախատաբար ստացվեց ավելի շուտ, թեեւ արդեն որոշել էինք հետաձգել»,- նշեց նա:
Զոյա Թադեւոսյանը տեղեկացրեց, որ թեեւ ԱՆ-ից հաստատումը ստացել են եւ ունեն կնիք, բայց արդեն որոշել են հետաձգել համագումարը:
Նշենք, որ «168 ժամ» թերթը գրել էր, որ ՀԱԿ կուսակցության հիմնադիր համագումարը արդեն երրորդ անգամ հետաձգվում է. սկզբում այն նշանակված էր մարտի 22-ին, հետո տեղափոխվեց մարտի 29-ին, իսկ այժմ հայտարարվում է ապրիլի 13-ի մասին: «Այս հետաձգումներին ՀԱԿ-ը ոչ մի պաշտոնական պատճառաբանություն չներկայացրեց, թեեւ ոչ հրապարակայնորեն ասվում էր, որ պատճառը կապված է օրենսդրության պահանջների հետ: ՀԱԿ-ին մոտ կանգնած աղբյուրները ներկայացնում են երեք հանգամանք, որոնք կարող էին պատճառ դառնալ այդ հետաձգումների համար։ Առաջինը համագումարը Երեւանի խորհրդի ընտրությունների քարոզչությանը ծառայեցնելն է, երկրորդը՝ նորագիրների սահմանափակ թիվը, որով պետք է լցվի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը, իսկ երրորդը՝ ՍԴՀԿ-ի կարգավիճակի շուրջ անորոշությունը»,- գրել էր «168 ժամը»:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























