Ադրբեջանում ընդդիմադիր տրամադրություններն ավելի տեսանելի են դարձել: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը:
Նրա խոսքով՝ նորմալ ավտորիտար երկրներում, իսկ Ադրբեջանը հենց այդպիսին է, բողոքի նմանատիպ փորձերը ճնշվում են արագ եւ արմատապես եւ իրադարձությունների նոր հնարավոր զարգացումներ չեն ենթադրում: «Բայց բոլորի աչքի առջեւ է Հյուսիսային Աֆրիկան՝ Թունիսը, Եգիպտոսը: Հետեւաբար, ներկա իրողությունները հաշվի առնելով, բավական դժվար է բացառել իրադարձությունների որեւէ զարգացում»,-ասել է քաղաքագետը՝ հավելելով, որ առաջիկա ամիսներին Ադրբեջանում գերակշռող կլինի նախընտրական աժիոտաժը, որը լինում է նաեւ ավտորիտար երկրներում եւ առաջիկա զարգացումները ցույց կտան, թե որքանով իշխանություններին կհաջողվի վերացնել այդ սպառնալիքը: «Բայց այն, որ բողքը կա եւ այն, ի տարբերություն նախորդ ժամանակաշրջանի, ավելի տեսանելի է դարձել, դա անկասկած է»,-ընդգծել է Մարկարովը:
Ադրբեջանում վերջին ժամանակներս հաճախակիացել են բողոքի ակցիաները: Դեռեւս այս տարվա հունվարին Իսմայիլիի բնակիչները բողոքի ակցիա էին իրականացրել ընդդեմ իշխանությունների, որը վերաճել էր անկարգությունների: Հունվարի կեսերին Յսամալիի շրջանում փախստականները բողոքի ակցիա էին կազմակերպել իրենց չլուծված սոցիալական խնդիրների հետ կապված: Նրանք փորձել էին փակել մայրուղին, սակայն ոստիկանությունը ցրել էր նրանց:
Իսկ վերջերս բաքվի կենտրոնում բողոքի ակցիա էին կազմակերպել բանակում սպանվածների հարազատները, որը եւս ոստիկանությունը ցրել էր:
Լուսանկարն՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























