Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը պատվիրելու մեջ մեղադրվող նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանը դեռ չի բողոքարկել Վերաքննիչ քրեական դատարանի իր խափանման միջոցը չփոխելու որոշումը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նրա փաստաբան Ալեքսանդր Սիրունյանն ասաց, որ սպասում են Վերաքննիչ քրեական դատարանի որոշմանը, որպեսզի իմանան մերժման հիմքը եւ ըստ այդմ` գրեն բողոքն ու ներկայացնեն: Ու թեեւ Վերաքննիչ դատարանը այդ որոշումը պետք է ներկայացներ այն կայացնելուց հետո երեքօրյա ժամկետում, բայց արդեն 5-րդ օրն է, ինչ նրանք այն չեն ներկայացրել: Ալեքսանդր Սիրունյանի կարծիքով`  «որոշման ուշացումը պայմանավորված է  նրանով, որ դատարանը լիարժեք չի կարողանում պատճառաբանել, որ Վարդան Սեդրակյանն, այնուհանդերձ, նախագահի թեկնածու չէր, որովհետեւ Ընտրական օրենսգրքի 87-րդ հոդվածը նույնիսկ եթե կարդում ենք ներքեւից վերեւ, էլի ստացվում է, որ նախագահի թեկնածու է»:

Փաստաբանը շեշտեց, որ իրենք առանձնապես սպասելիքներ չունեն Վճռաբեկ դատարանից, ցանկանում են բողոքր արագ ներկայացնել, որ արագ մերժեն եւ հայաստանյան դատական ատյանները սպառելուց հետո դիմեն Եվրոպական դատարան:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել է, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մարտի 5-ին դատարանը որոշում է կայացրել երկու ամսով կալանավորել Հայաստանի նախագահի նախկին թեկնածու, իրեն էպոսագետ համարող Վարդան Սեդրակյանին: Դատական նիստը անցել է դռնփակ: Սեդրակյանին կալանավորելու միջնորդությամբ դատարանին էր դիմել ԱԱԾ-ն: Սեդրակյանը մեղադրվում է ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ իրականացված սպանության փորձ պատվիրելու համար: Վերջինս մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-305-րդ հոդվածով՝ ՀՀ նախագահի թեկնածուի քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով` նրան կյանքից զրկելու փորձը պատվիրելու համար: Սիրունյանը բողոքարկել էր նրա կալանավորվելու որոշումը, ինչպես նաեւ դիմել էր քննիչին` ներկայացնելու մեղադրանքի հիմքը: Նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի կալանավորման հարցով վերաքննիչ բողոքը մարտի 18-ին մերժվել էր:

Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա մահափորձ է կատարվել Երեւանի կենտրոնում` իր տան մոտ,  հունվարի 31-ին, ժամը մոտ 23:20-ին: Գործը հարուցվել է Հայաստանի ՔՕ 34-305 հոդվածով (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով մահափորձ, որը նախատեսում է տասներկուսից քսան տարի ազատազրկում կամ ցմահ դատապարտում): Հայաստանի ազգային անվտանգության ծառայության օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում, փետրվարի 7-ին, Հայրիկյանի վրա մահափորձ կատարելու կասկածանքով ձերբակալվել են երկու տղամարդ` Խաչատուր Պողոսյանն ու Սամվել Հարությունյանը, որոնք Երեւանում էին գտնվում անօրինական կերպով, առանց որոշակի զբաղմունքի, եւ ավելի վաղ դատապարտվել էին թմրանյութերի ապօրինի շրջանառության համար: Երկուսն էլ խոստովանական ցուցմունքներ են տվել, սակայն մինչ օրս հայտնի չեն նման քայլի դրդապատճառները: Ի դեպ, երկուսն էլ Վարդան Սեդրակյանի բնակարանում վերանորոգման աշխատանքներ են իրականացնել: