Նախկինում դատված 34-ամյա  Ալեն Մանուկյանն «Օդնոկլասնիկի» սոցիալական կայքի միջոցով Էջմիածին քաղաքի բնակչուհուն ներկայացել որպես ԱՄՆ-ում բնակվող մեծահարուստ գործարար, ով հայուհու հետ ամուսնանալու մտադրություն ունի: Նա կնոջն ամուսնության առաջարկ է արել եւ նրանից հազարավոր դոլարներ շորթել: Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն՝ 34-ամյա  Ալեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նախկինում ՀՀ քր.օրի 178 հոդ.2-րդ մասի 2-րդ կետով դատապարտված լինելով հանդերձ, դատվածությունը չմարված, համացանցի «Օդնոկլասնիկի» սոցիալական կայքի միջոցով ծանոթացել է Էջմիածին քաղաքի բնակչուհի Ս. Ի.-ի հետ եւ խարդախությամբ նրանից առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ ներկայացել որպես ԱՄՆ-ում բնակվող մեծահարուստ գործարար: Ալենն ասել է, թե  ամուսնանալու նպատակով է եկել Հայաստան եւ առաջարկել իր հետ ամուսնանալ ու մեկնել ԱՄՆ, ինչին էլ Ս. Ի.-ն համաձայնել է:

Դրանից հետո Ս. Ի.-ի ԱՄՆ տեղափոխվելու փաստաթղթերը ձեւակերպելու եւ նշանադրության արարողություն կատարելու պատրվակով, Ալենը 2012թ. նոյեմբերի 15-18-ն ընկած ժամանակահատվածում շարունակաբար խաբեության եւ վստահությունը չարաշահելու եղանակով վերջինիցս հափշտակել է առանձնապես խոշոր չափի 3.332.485,6 դրամ գումար, որից 2.118.376 դրամին համարժեք 5200 ԱՄՆ դոլար, 114.109.6 դրամին համարժեք 220 եվրո եւ 1.100.000 ՀՀ դրամ:

Այսինքն` Ալեն Մանուկյանը մեղադրվում է ՀՀ քր.օրի 178 հոդ.3-րդ մասի 1-ին կետով հանցանք կատարելու մեջ: Բացի այդ 2012թ. նոյեմբերի 18-ին խաբեության եւ վստահությունը չարաշահելու եղանակով Ս. Ի-ից փորձել է հափշտակել զգալի չափերի 407.380 դրամին համարժեք 1000 ԱՄՆ դոլար գումար, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունը չի կարողացել հասցնել ավարտին, քանի որ Ս.Ի-ին չի հաջողվել հայթայթել նշված գումարը:

Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Գործը դատարան է ստացվել մարտի 20-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: