Գաղտնիք չէ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նախընտրական շրջանում վերածվում է ընդդիմադիր հզոր ուժի, եւ փորձում է իրենով «փակել» մնացած ընդդիմադիր կուսակցությունները: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Մանվել Սարգսյանը:
Նրա խոսքով՝ նորություն չէ այն երեւույթը, որ Երեւանի ավագանու մայիսի 5-ին կայանալիք ընտրություններին ԲՀԿ-ն նորից փորձելու է խլել ընդդիմության ձայները եւ դրանով ավելի է ամրապնելու Հայաստանի հանրապետական կուսակցության դիրքերը:
Անդրադառնալով Հայաստանի նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի վերջերս արված հայտարարությանը՝ Մանվել Սարգսյանը հայտարարել է. «Սերժ Սարգսյանը փաստացիորեն չի թաքցնում, որ ամեն ինչ մնալու է այնպես, ինչպես եղել է եւ ոչ մի փոփոխություն չի լինելու: Հետեւաբար նա չի ընդունի այդ առաջարկությունները»,- ընդգծել է քաղաքագետն՝ ավելացնելով, որ մոտ օրերս մենք ականատես կլինենք հերթական մերժմանը:
Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները կկայանան մայիսի 5-ին. քաղաքական ուժերը կպայքարեն 65 տեղի համար: Կուսակցությունների համամասնական ցուցակների գրանցման գործընթացը կլինի մարտի 22-31-ին: Նախընտրական քարոզարշավը կսկսվի ապրիլի 7-ին եւ կավարտվի մայիսի 3-ին, մայիսի 4-ը լռության օր է: Ընտրությունն անցկացվելու է միայն համամասնական համակարգով:




























