Արմավիրի մարզի Բագարան գյուղի հարեւանությամբ գտնվող սահմանակից թուրքական Հելիմջան գյուղից սահմանը հատած Վան քաղաքի 35-ամյա բնակիչը չի հանձնվել Թուրքիային: Նա կալանավորված է եւ գտնվում է Հայաստանում: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ԱԱԾ մամուլի կենտրոնից: Այդ գործով նախաքննությունը շարունակվում է, վերջինս կդատվի Հայաստանում:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արմավիրի մարզի Բագարան գյուղի հարեւանությամբ գտնվող սահմանակից թուրքական Հելիմջան գյուղից սահմանը հատած Վան քաղաքի 35-ամյա բնակչի նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Փաստի առթիվ քրեական գործ էր հարուցվել 329 հոդվածի հատկանիշներով (Առանց սահմանված փաստաթղթերի կամ առանց պատշաճ թույլտվության Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը հատելը): Սույն հոդվածը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի 100-200-պատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 3 տարի ժամկետով: Ընթանում է նախաքննություն: ԱԱԾ-ից այլ մանրամասներ չփոխանցեցին:
Տեղեկացրել էինք նաեւ, որ հունվարի 8-ին ժամը 12-ի մոտակայքում Արմավիրի մարզի Բագարան գյուղի հարեւանությամբ գտնվող սահմանակից թուրքական Հելիմջան գյուղից Վան քաղաքի բնակիչ է սահմանը հատել, ում Բագարանի բնակիչները ջերմ են ընդունել, նույնիսկ թեյ են հյուրասիրել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր 35-ամյա թուրքին հյուրընկալած Բագարանի բնակիչ 53-ամյա Արթուր Սահակյանը: «Նույնիսկ օղի, ուտելիք առաջարկեցի, բայց հրաժարվեց: Նաեւ առաջարկեցի, որ հագուստը փոխի, քանի որ գետը անցնելուց թրջվել էր, բայց դա էլ չընդունեց: Թեյը խմեց, փեչի մոտ նստեց, տաքացավ»,- պատմել էր Արթուր Սահակյանը: Վերջինս նաեւ նշել էր, թե սահմանախախտը դժգոհ է իր երկրի իշխանություններից եւ ցանկանում էր մեկնել արտասահման:




























