Առաջիկա երկու շաբաթվա ընթացքում ԱԻՄ առաջնորդ, մահափորձի ենթարկված նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանը կմեկնի արտերկիր` վիրահատության: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա քրոջ որդին` Վրեժ Զատիկյանը:
Նա նշեց, որ ամենահավանական տարբերակը Գերմանիա մեկնելն է, արդեն որոշակի պայմանավորվածություններ կան: Մյուս քննարկվող տարբերակներից են վիրահատությունը կատարել ԱՄՆ-ում, Բելգիայում, Իսրայելում կամ Հոլանդիայում: Վրեժ Զատիկյանը նշեց, որ Հայրիկյանի աջ ձեռքի ցավերը չեն թուլանում:
Նշենք, որ նոր հետազոտություն են անցկացրել եւ պարզվել է, որ հրազենային կրակոցից «ճղվել է» նյարդային համակարգը, նյարդերը վնասվել են, խառնվել են իրար:
Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա մահափորձ է կատարվել Երեւանի կենտրոնում` իր տան մոտ, հունվարի 31-ին, ժամը մոտ 23:20-ին: Դրանից հետո նա տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, վիրահատվել այնտեղ, իսկ վերջերս այնտեղից տեղափոխվել է Կարմիր Խաչի վերականգնողական կենտրոն: Գործը հարուցվել է Հայաստանի ՔՕ 34-305 հոդվածով (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով մահափորձ, որը նախատեսում է տասներկուսից քսան տարի ազատազրկում կամ ցմահ դատապարտում): Հայաստանի ազգային անվտանգության ծառայության օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում, փետրվարի 7-ին, Հայրիկյանի վրա մահափորձ կատարելու կասկածանքով ձերբակալվել են երկու տղամարդ` Խաչատուր Պողոսյանն ու Սամվել Հարությունյանը, որոնք Երեւանում էին գտնվում անօրինական կերպով, առանց որոշակի զբաղմունքի, եւ ավելի վաղ դատապարտվել էին թմրանյութերի ապօրինի շրջանառության համար: Երկուսն էլ խոստովանական ցուցմունքներ են տվել, սակայն մինչ օրս հայտնի չեն նման քայլի դրդապատճառները: Ավելի ուշ նախագահի մեկ այլ թեկնածու, էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանն է կալանավորվել, նա մեղադրվում է ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ իրականացված սպանության փորձ պատվիրելու համար: Վերջինս մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-305-րդ հոդվածով՝ ՀՀ նախագահի թեկնածուի քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով` նրան կյանքից զրկելու փորձը պատվիրելու համար:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























