PKK-ի առաջնորդներից Մուրադ Քարայլանը Իմրալը կղզում ցմահ բանտարկված Աբդուլլահ Օջալանի պատմական ուղերձից հետո հայտարարել է, որ մարտի 21-ից PKK-ն զինադադար է հայտարարում։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ PKK-ի առաջնորդներից Մուրադ Քարայլանն իր տեսաուղերձում ի պատասխան PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի ուղերձի, հայտարարել է, թեԹուրքիայի տարածքում գտնվող PKK-ի ուժերը կլքեն երկիրն այն ժամանակ երբ դրա հետ կապված խորհրդարանական հանձնաժողով կստեղծվի եւ հատուկ օրենքներ կմտնեն ուժի մեջ։ 

Քարայլանը նշել է, թե Օջալանի որոշումն իրենց որոշումն է՝ շեշտելով, որ սա պատմական մի նոր ժամանակշրջանի սկիզբն է։

Նշենք, որ թուրքական իշխանությունները նախաձեռնել էին բանակցություններ Իմրալը կղզում ցմահ բանտարկված Աբդուլլահ Օջալանի հետ, որի արդյունքում մարտի 21-ին, Դիարբեքիրում ընթերցվեց Օջալանի ուղերձը, որում կոչ արվեց քուրդ զինյալներին լքել Թուրքիայի տարածքը եւ զենքերը վայր դնել։