Թուրքիան չի ընդունում Կիպրոսի իշխանությունների` իր տնտեսական խնդիրները բնական ռեսուրսների հաշվին լուծելու միակողմանի մտադրությունը: Այդ ռեսուրսները, Թուրքիայի կարծիքով, պատկանում են նաեւ իրեն, այս մասին ասվում է Թուրքիայի ԱԳ նախարարության հայտարարության մեջ:
«Մենք չենք կարող համաձայնել, որ Կիպրոսը տնտեսական ճգնաժամը որպես պատրվակ է ուզում օգտագործել տվյալ հարցերի որոշման համար` առանց փոխադարձ քննարկման»,-ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունն ընդգծում է, որ ավելի վաղ թուրքական կողմը կիպրոսցի գործընկերներին կոչ է արել քննարկել կղզու բնական ռեսուրսները համատեղ օգտագործելու հարցը, սակայն պատասխան չի եղել:
«Հարկավոր է համատեղ որոշում կայացնել այն մասին, թե ինչպիսի ապագա են ցանկանում կղզու երկու ժողովուրդները: Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարում է, որ պատրաստ է Կիպրոսի հետ բանակցությունների»,-ասվում է հաղորդագրության մեջ:




























