Նախօրեին Դամասկոսում բացված Ազգային երկխոսության երկօրյա ֆորումի մասնակիցները դեմ են արտահայտվել Սիրիայի գործերին արտաքին միջամտությանը: Ֆորումի նպատակն է երկրի նախագահ Բաշար Ասադի առաջարկած քաղաքական ծրագրերի քննարկումը, որոնք ուղղված են Սիրիայում ճգնաժամի կարգավորմանը, մասնավորապես՝ ազգային խարտիայի եւ նոր Սահմանադրության մշակմանը: Հատուկ ուշադրություն կդարձվի ընտրությունների, լրատվամիջոցների եւ կուսակցությունների վերաբերյալ նոր օրենքներին: Միջոցառմանը մասնակցում են Սիրիայում գործող քաղաքական կուսակցությունների մեծամասնության առաջնորդները, հասարակական գործիչներ, հաղորդում է Սիրիայի պետական տեղեկատվական ՍԱՆԱ գործակալությունը:

«Երկիրն այժմ պատմական փուլ է թեւակոխել, երբ պետք է բացել նոր Սիրիայի կառուցման դռները, որտեղ պետք է գերիշխեն արդարության, հավասարության եւ խոսքի ազատության արժեքները», - ֆորումի ժամանակ հայտնել է Փոփոխության եւ ազատագրման ժողովրդական ճակատի նախագահության անդամ Ադել Նայիսան:

Իր հերթին ազգային հաշտության հարցերով նախարար Ալի Հայդարը հաստատել է, որ Սիրիայում ճգնաժամի կարգավորման միակ ուղին ազգային երկխոսութան միջոցով քաղաքական կարգավորումն է: Հայդարը Սիրիայում արյունահեղությունների պատասխանատվությունը դրել է երկխոսությունը մերժողների վրա:

Սիրիայի Կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղար Ամմար Բաղդաշն ընդգծել է, որ Սիրիայի ժողովուրդը հասկանում է՝ ժողովրդավարությունը, արժանապատիվ կյանքը եւ սոցիալական առաջընթացը ձեռք չեն բերվի արտասահմանյան իմպերիալիստական հեգեմոնիայի պայմաններում:

Արաբական սոցիալիստական վերածննդի կուսակցության ԿԿ-ի անդամ Հալիլ Մաշհադիան զգուշացրել է, որ Սիրիայում ճգնաժամի շարունակությունը տարածաշրջանի բոլոր երկրների վրա անդրադարձող բացասական հետեւանքներ կունենա:

Իսկ ընդդիմադիր ուժերի դաշինքի ներկայացուցիչ Ֆադեհ Ջամուսը կոչ է արել բաց չթողնել քաղաքական ճանապարհով երկրում ճգնաժամը հարթելու հնարավորությունը:

Պաղեստինի ազատագրական ճակատի Քաղբյուրոյի անդամ Անվար Ռաջան ողջունել է Սիրիական բանակին, ցավակցություն հայտնել զոհվածներին եւ ընդգծել, որ սիրիացիները պետք է համախմբվեն երկրի ղեկավարության շուրջ` Հայրենիքի պաշտպանության համար:

Ֆորումի մասնակիցներին հաջող աշխատանք է մաղթել Սիրիայում Ռուսաստանի դեսպանը:

Արաբական արհմիությունների միջազգային կոնֆեդերացիան մեկ անգամ եւս ընդգծել է, որ ազգային երկխոսությունը սիրիական ճգնաժամից դուրս գալու միակ այլընտրանքային ելքն է, եւ դեմ է արտահայտվել արտասահմանյան միջամտությանը: