ԱԻՄ առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանը պատրաստ է ղեկավարել Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը, եթե այդպիսին ստեղծվի: Այս մասին նա գրել է «Ֆեյսբուքի» իր էջում:
«Սիրելի բարեկամներ, երկար ժամանակ ոչինչ չեմ գրել, թեեւ գրել սիրում եմ եւ գրելու պահանջ ունեմ։ Հիմա ասելիքս թելադրում եմ։
Կարմիր խաչի հիվանդանոցում եմ։ Ձեռքիս վիճակը գնալով վատանում է, ու այս համակարգչի ստեղնաշարը վեր էր ածվում տանջանքի գործիքի։ Տիրոջ կամքով, մի օր կանցնի, բայց այս պահի դրությամբ ցավերից պարբերաբար տառապող կատարյալ հաշմանդամ եմ։ Ոչ թե նվնվում եմ, այլ ուզում եմ մոտիկներիս ներկայացնել իսկությունը։
Շաբաթ օրն առողջապահության նախարարության հետ պայմանավորվեցի, որ ընդունում եմ արտասահմանում բուժվելու, այդ թվում ճնշված ներվերս ճնշումներից ու կպումներից ազատելու համար վիրահատվելու առաջարկը։ Ուր եմ նախընտրում գնալ՝ հարցին պատասխանեցի, որ վստահում եմ իրենց, եւ նախընտրելին նա է, որը շուտ կազատի ինձ այս ցավերից ու կվերականգնի ձեռքիս աշխատանքը։ Գործնական հրավերներ կան ԱՄՆ-ից, Իսրայելից, Գերմանիայից։ Մի քանի ժամից կարծում եմ, կլինի նաեւ Հոլանդիայից։
Շարունակում եմ պաս (խստացված՝ միայն չեփած կանաչեղեն եւ միրգ) պահել։ Հավանաբար վաղվանից հնգօրյա ծոմի անցնեմ։ Անցած տարի՝ Զատիկից առաջ, տասներկու օր ծոմ պահեցի։ Զատիկը՝ Հարության տոնը, կարեւորագույն տոներից է, ու դրա հետ կապված խոհեր ու մտահոգություններ ունեմ։
Րաֆֆի Հովհաննիսյանը (եւ որեւէ հայ քրիստոնյա) չի կարող Զատիկի ժամանակ ծոմի մեջ լինել։ Նրանը ծոմ չէ, այլ քաղաքական բողոքի հացադուլ, բայց, ըստ էության, նաեւ ծոմ է։ Ո՞րն է ելքը։ Քաղաքական հարցադրումներին եւ խնդիրներին պետք է քաղաքական պատասխաններ եւ լուծումներ գտնել։ Եվ ես մտածում եմ Սերժ Սարգսյանին (ՍՍ) ու Րաֆֆի Հովհաննիսյանին (ՐՀ) առաջարկել նրանց իսկ հայտարարություններից բխող եւ իմ՝ պաշտոնապես ազդարարված նախընտրական ծրագրին համահունչ գործողությունների համակարգ։
ՐՀ-ն իրեն նախագահ ճանաչելով եւ ՍՍ-ին նախագահ չճանաչելով հանդերձ, ՍՍ-ին ներկայացրեց պահանջներ, որոնք կարելի էր ներկայացնել միայն նախագահին, այսինքն՝ երկխոսությունն ամեն ինչից վեր դասեց։ ՍՍ-ն արձագանքեց երկխոսության առաջարկին, արհամարհելով իրեն նախագահ չճանաչելու հանգամանքը։ Սա բնականոն դրսեւորում կարելի է համարել հաշվի առնելով հայ ժողովրդին սպառնացող աննախադեպ մարտահրավերները։ Որքան էլ մենք երջանիկ ու ինքնագոհ ներկայանանք, կանգնած ենք որպես ազգ վերջնականապես բնաջնջվելու սպառնալիքի առաջ։ Եվ այս արտահայտվող կամ քողարկվող մտահոգությունը առկա է բոլորիս մտքերում։ Դրանով էլ կարելի է բացատրել ՐՀ-ի եւ ՍՍ-ի ողջունելի փոխադարձ հանդուրժողականությունը։
Այս իրավիճակում ես իմ պարտքն եմ համարում հայտարարել, որ պատրաստ եմ գլխավորել սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը (ՍԲՀ)։ Ես 98-99 թթ կատարել եմ այդ աշխատանքը։ Այդ գործընթացի առողջ զարագացումով կարելի է դրական արդյունքների հասնել ոչ միայն ռազմավարական՝ համակարգային փոփոխություններ կատարելու հարցում, այլեւ ընթացիկ քաղաքական, այդ թվում՝ արտահերթ ընտրութիւններ կատարելու հարցում։
Առօրեական քաղաքական նպատակդրումներ ունեցող ՐՀ-ն բնականաբար չպետք է ընդուներ ՍԲՀ նախագահ դառնալու ՍՍ առաջարկը։ Իմ ծրագրահենքում Սահմանադրական բարեփոխուների իրականացումը՝ վեց ամսից մեկ՝ առավելագույնը երկու տարվա ընթացքում, առաջնահերթ նպատակների թվում էր։ Նաեւ այս իրողությունն է ինձ տրամադրում խորհել այս առաջարկն անելու մասին։
Հենց սկզբից բոլորը պետք է իմանան, որ այդ բարեփոխումները կարող են լինել միայն ի նպաստ ժողովրդավարութեան եւ մարդու իրավունքների։ Ես այդ իմ գործը կանեմ անկախ իմ առողջական վիճակից եւ գտնվելու վայրից։ Իսկ առաջարկիս ՍՍ-ի եւ ՐՀ-ի համաձայնելու դեպքում ՐՀ-ն կարող է անմիջապես դադարեցնել իր հացադուլը եւ լիաթոք մասնակցել քաղաքական գործընթացներին։
Ինչ որ հարցերում համախոհներ կլինենք, ինչ որ հարցերում ընդդիմախոսներ, սակայն հավատացնում եմ, որ իմ գլխավորած հանձնաժողովը չի անտեսի ոչ մի առաջարկ։ Ակնկալում եմ ընթերցողներիս արձագանքը։
Ձեր Պարույր Հայրիկյան
P.S. Վաղը աջակցենք ու քաջալերենք (բայց ոչ երկրպագենք) մեր հավաքականին»»:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























