«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ երկրի գործող նախագահ Սերժ Սարգսյանի՝ միմյանց հասցեին գովեստի խոսքեր շռայլելը լրիվ նոր մշակույթ է մեզանում: Այս մասին այսօր՝ մարտի 25-ին, մամուլի ասուլիսում նշեց ՀԱԿ դաշինքում ընդգրկված Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության (Լյուդմիլա Սարգսյանի թեւ) անդամ Գուրգեն Եղիազարյանը:

Նրա խոսքով՝ ՀԱԿ-ի մասնակցությունը նախագահական ընտրություններին լրիվ այլ, անցանկալի վիճակի կբերեր: «Ես կարծում եմ, որ մեր դաշինքը շատ ճիշտ քայլ է արել՝ չմասնակցելով նախագահական ընտրություններին»,-ասաց նա:

ՀԱԿ-ի մասնակցությունը Երեւանի ավագանու ընտրություններում Եղիազարյանը բացատրեց նրանով, որ «պետք է վերցնել Երեւան քաղաքը»՝ հավելելով, որ մայրաքաղաքում ընդդիմությունը միշտ էլ հաղթում է:

Անդրադառնալով նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Սերժ Սարգսյանի հետագա քայլերին, նա նշեց, որ Սերժ Սարգսյանը կանի ամեն բան՝ ընդդիմությանը վարկաբեկելու համար:

Հարցին, թե պատրաստվո՞ւմ է անդամակցել նորաստեղծ ՀԱԿ կուսակցությանը, Գորգեն Եղիազարյանը պատասխանեց, որ այդ հարցում դեռ որոշում չունի:

 

Լուսանկարն՝ Ասրեն Սարգսյանի/NEWS.am