ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին, մարտի 25-ին ելույթ ունենալով կուսակցության համագումարում, Լոնդոնում վախճանված Բորիս Բերեզովսկիի ճակատագիրը համեմատել է ԽՄԿԿ-ի հետ:
«Նա կրկնում է ԽՄԿԿ-ի ճակատագիրը: Վերջինս նույնպես կյանքում իմաստ չտեսավ եւ քայքայվեց: Ահա պատմական երկու օրինակ`ԽՄԿԿ` 1991թ. օգոստոս. Բերեզովսկի` 2013թ. մարտ», - ասել է Ժիրինովսկին:
Նա Բերեզովսկիի գլխավոր սխալն անվանել է «վառ անհատականություն» լինելը: «Նա աշխատում էր իր համար: Դա անթույլատրելի է: ՌԼԴԿ-ն այդպիսի սխալներ թույլ չի տալիս», - ասել է լիբերալ-դեմոկրատների առաջնորդը, հաղորդում է ՎԶԳԼՅԱԴ-ը:
Ըստ նրա` Բերեզովսկին կլիներ լավագույն ֆերմեր կամ որեւէ ձեռնարկության ղեկավար, սակայն նրան կործանեց ամեն ինչ իր համար անելու ցանկությունը, եւ ադյունքում կորցրեց ընկերներին, զրկվեց ընտանիքից, եւ կյանքն անիմաստ դարձավ:
Մեկ օր առաջ Ժիրինովսկին պատմել էր, որ ինքը խորհրդարանական խմբակցություններից վերջին առաջնորդն էր, ով հանդիպել է Բերեզովսկուն, եւ զրույցը վերաբերել է Բերեզովսկու Ռուսաստան վերադարձին: ՌԼԴԿ-ի առաջնորդը նաեւ նշել է, որ մի քանի ամիս առաջ Բերեզովսկին նամակ էր գրել Վլադիմիր Պուտինին եւ հայրենիք վերադառնալու թույլտվություն խնդրել: «Ցավալի է, որ դա տեղի չունեցավ, քանի որ Բերեզովսկին բոլոր օլիգարխներից ամենանշաավորն էր, ով կարող էր Ռուսաստան վերադառնալ եւ ազդանշան տալ մեր երկրից բոլոր հեռացածներին եւ իրենց կապիտալը տարածներին», – ասել է Ժիրինովսկին:




























