Հայաստանի ցածրադիր գոտում ծիրանենիների զանգվածային ծաղկումը համընկել է գարնանային ցրտահարությունների հետ: Գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունի հայտնում են, որ երեկ ողջ օրը, հաշվի առնելով հնարավոր վտանգը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության համապատասխան ծառայություններն ու մասնագետները` նախարար Սերգո Կարապետյանի եւ փոխնախարարների գլխավորությամբ, եղել են Արարատի եւ Արմավիրի մարզերում, խորհրդատվական հանդիպումներ ունեցել համայնքների ղեկավարների եւ այգետերերի հետ:
Հնարավոր կորուստները նվազագույնի հասցնելու նպատակով` խորհուրդ է տրվել այգիների հարակից հատվածներում, քամու ուղղությամբ, օգտագործելով բուսական կիսաչոր մնացորդները, ստեղծել կայուն ծխածածկույթ: Հատկապես մեծ է ցրտահարության վտանգն առավոտյան ժամը չորսից յոթն ընկած ժամանակահատվածում:
Նախնական տվյալներով, վտանգի գոտում հայտնված տարածքների մեծ մասում, հաշվի առնելով մասնագետների հորդորները, ողջ գիշեր իրականացվել են համապատասխան աշխատանքներ: Մասնագետների կարծիքով, կայուն ծխածակույթի ապահովումը ճիշտ եւ ժամանակին իրականացումը մեծապես կրճատում է կորուստների հավանականությունը:
Ըստ օթերեւութաբանների, այս գիշեր եւս ցրտահարման վտանգ կա: Ուստի գյուղնախարարությունը խնդրում է այգետերերին ուշադրությամբ հետեւել գիշերային ջերմաստիճանների տատանումներին եւ անհրաժեշտության դեպքում այգիներում շարունակել կայուն ծխածածկույթի ստեղծումը:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հանձնարարությամբ այսօր եւս մասնագետների խմբերը` ՀՀ գյուղատնտեսության փոխնախարարների գլխավորությամբ գտնվում են գիշերվա ընթացքում առավել ցածր ջերմաստիճաններ գրանցած համայնքներում, ուր դիտարկումների արդյունքում համապատասխան խորհուրդներ ու ցուցումներ են տալիս այգետերերին:



























