Ջրվեժի Բանավան թաղամասում բարուրի մեջ նորածին Մարիամիկին թողնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կասեցվել է, մինչեւ ի հայտ կգան նոր հանգամանքներ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:
«Ընտանեկան օրենսգրքի» համաձայն` երեխայի հայտնաբերումից երեք ամիս անց, «Մանկան տուն» կենտրոնը դիմել է Ոստիկանությանը` փորձելով ճշտել երեխայի կարգավիճակը: Եթե երեխայի մայրը այդ ժամանակահատվածում չի հայտնաբերվում, ապա նա կարող է հաշվառվել եւ ենթակա է որդեգրման:
Կենտրոնի տնօրեն Լիանա Կարապետյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ոստիկանությունից ստացել են իրենց գրության պատասխանը, ըստ այդմ` Մարիամիկը կարող է հաշվառվել եւ ենթակա է որդեգրման: Բայց եթե հանկարծ երեխայի մայրը հայտնաբերվի եւ ցանկություն հայտնի վերցնել մանկիկին, ապա առաջնահերթությունը կտրվի նրան:
Լիանա Կարապետյանը նշեց, որ շատերն են զանգում եւ հետաքրքրվում, թե կարող են որդեգրել Մարիամիկին: Որդեգրել ցանկացողները կարող են դիմել Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, հաշվառվել, իսկ որդեգրման հարցը կորոշի դատարանը: Մինչ դատարանի վճիռը օրինական ուժի մեջ մտնելը, երեխան կմնա «Մանկան տուն» կենտրոնում:
Ի դեպ, տնօրենը տեղեկացրեց, որ երեխայի առողջական վիճակը համեմատաբար նորմալ է: Նա վերջերս գրիպ էր տարել, այժմ ապաքինվում է, մանկիկը ունի նաեւ դիաթեզ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նոյեմբերի 6-ին Ջրվեժի Բանավան թաղամասում 4-րդ շենքի 3- րդ հարկի բնակարաններից մեկի մուտքի դռան մոտ բնակիչներից մեկը բարուրված նորածին է նկատել ու ահազանգել իրավապահներին: Նորածնի անունը Մարիամիկ է, այդ մասին գրված է եղել բարուրում թողնված գրությունում: Նաեւ նշված է եղել, որ երեխային թողել են կարիքից դրդված: Թե ով է նորածնին թողել անօգնական վիճակում, դեռ հայտնի չէ, ամեն դեպքում, շենքի բնակիչներից չէ: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՔՕ-ի 128-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Այդ հոդվածով սահմանվում է կյանքի կամ առողջության համար վտանգավոր վիճակում գտնվող եւ ինքնապահպանության միջոցներ ձեռնարկելու հնարավորությունից զրկված անձին անօգնական վիճակում թողնելը, եթե հանցավորն այդ անձին օգնություն ցույց տալու իրական հնարավորություն է ունեցել եւ պարտավոր է եղել նրան խնամելու կամ ինքն է նրան դրել կյանքի համար վտանգավոր վիճակում: Այս արարքը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով:




























