Չեչենական Հանրապետության ղեկավարությանը ոչինչ հայտնի չէ մարդկանց առեւանգումների եւ կտտնքների մեջ մեղադրվող ոստիկաններին մեկուսարանից ազատելու մասին: Այդ մասին հայտարարել է Ռամզան Քադիրովի մամուլի քարտուղար Ալվի Քարիմովը: «Ինձ ոչ միայն հայտնի չէ, որ ազատել են, նաեւ հայտնի չէ, թե չեչեն ոստիկաններն ինչ-որ բան են արել Մոսկվայում»,- ասել է նա:

«Դոժդ» հեռուստաալիքի եթերում նա հայտնել է, թե Չեչնիայի նախագահը երբեք շփումներ չի ունեցել այսպես կոչված «քաղաքական գործչի թիկնապահների հետ»: Քարիմովը նշել է, թե Քադիրովն «ընդհանրապես թիկնազոր չունի», ուստի նրա հասցեին մեղադրանքներն անհիմն են:

Նշենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, թե Ռամզան Քադիրովի անձնական թիկնազորի` առեւանգման եւ շորթումների մեջ մեղադրվող չեչեն ոստիկանները ազատ են արձակվել երկրից չբացակայելու ստորագրությամբ:

Խոսքը Չեչնիայի ՆԳՆ-ի չորս աշխատակիցների եւ նրանց երեք ծանոթների մասին է, որոնք ձերբակալվել էին մեկ տարի առաջ՝ առեւանգման եւ շորթման մեղադրանքով: Ըստ հետաքննության` 2011թ. օգոստոսին չարագործները Մոսկվայում առեւանգել էին Վրաստանի մի բնակչի, նրան տարել  Մերձմոսկվա, որտեղ, պահանջելով իրենց հանձնել Lexus lx 570-ը, 10-12 հոգով նրան մի քանի օր ծեծի էին ենթարկել: Տղամարդուն ազատել էին միայն այն ժամանակ, երբ վերջինս խոստացել էր տալ մեքենան, նրան մեքենայից դուրս էին նետել մայրուղիներից մեկի  մայթեզրին:  Տղամարդը հիվանդանոցում էր հայտնվել բազմաթիվ կոտրվածքներով եւ վերքերով:

Ձերբակալվել էր 11 մարդ: Նրանց մեջ  էին եղել Քադիրովի անվտանգության գծով խորհրդական Զելիմխան Իսրայիլովը, քրեական հետախուզության բաժնի պատասխանատուներ Ջամբուլատ Մուհմատմուրզիեւը, Մուսհաջի Մուսուլայեւը, Խոժ-Ահմեդ Իսրայիլովը, ՆԳՆ-ի մեկ այլ աշխատակից Ադամ Իսրայիլովը:

Դրանից հետո Ռուսաստանի ԱԴԾ-ի կենտրոնական աշխատակազմի սպաները հայտարարել են, որ իրենց բաժինը հրաժարվում է աշխատելուց՝ Քադիրովի չորս թիկնապահներին ազատ արձակելու պատճառով: