Մարտի 26-ին՝ ժամը 11:30-ին, Հայաստանի վերաքննիչ քրեական դատարանը կհրապարակի «Մատաղիսի» գործով արդարացման դատավճռի դեմ տուժողի իրավահաջորդի եւ մեղադրող կողմերի բողոքների վերաբերյալ որոշումը:

Հիշեցնենք, որ տուժողներից Ռոման Եղիազարյանի իրավահաջորդ Գոհար Մելքոնյանն իր բողոքով միջնորդել է վերանայել ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը եւ կայացնել ճիշտ վճիռ: Իսկ ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունը պահանջում է ամբողջությամբ բեկանել դատարանի վճիռը, կայացնել մեղադրական դատավճիռ եւ Ռազմիկ Սարգսյանին դատապարտել 7, Արայիկ Զալյանին՝ 8, Մուսա Սերոբյանին` 8 տարի ազատազրկմամբ:

Ռազմիկ Սարգսյանը, Մուսա Սերոբյանը եւ Արայիկ Զալյանը մեղադրվում էին 2003 թ. ծառայության ընթացքում Մատաղիս գյուղի զորամասի ծառայողներ Ռոման Եղիազարյանի եւ Հովսեփ Մկրտումյանի սպանության մեջ:

Վերաքննիչ դատարանի այսօրվա՝ մարտի 25-ի նիստում ամբաստանյալները հայտարարել են, որ իրենց դիրքորոշումը չի փոխվել՝ իրենք անմեղ են, առարկել են վերաքննիչ բողոքների դեմ՝ դատարանից խնդրելով մերժել դրանք:

Եվ ինը տարի համառ պայքարից հետո միայն 2012թ. դեկտեմբերի 18-ի դատավճռով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը արդարացրել է նրանց: