ԱԺ դանակով ներխուժած եւ հրազենային վնասվածք ստացած 25-ամյա Վրեժ Վանիկի Գալստյանը կալանավորվել է: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց Գլխավոր դատաախզի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը:
Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը, եւ Վրեժ Վանիկի Գալստյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը: Նա տեղափոխվել է «Նուբարաշեն» ՔԿՀ:
Նշենք, որ եթե փորձագիտական եզրակացությամբ պարզվի, որ Վրեժ Գալստյանը հոգեկան խանգարումներ ունի, այդ դեպքում հնարավոր է նա տեղափոխվի հոգեբուժարան: Այս պահի դրությամբ նախաքննական մարմինը նրա հոգեկան վիճակի վերաբերյալ: եզրակցությունը չի ստացել:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի Ազգային ժողովի բակում արտակարգ դեպք է գրանցվել: 2013 թվականի մարտի 22-ին՝ ժամը 14։50-ի սահմաններում, քաղաքացի Վ.Գալստյանը, չենթարկվելով անվտանգության ծառայության ծառայողների օրինական պահանջներին, դիմադրություն է ցույց տվել եւ ապօրինի մուտք գործել ՀՀ Ազգային ժողովի տարածք, ապա դանակ գործադրելու սպառնալիքով փորձել է մուտք գործել նաեւ ԱԺ վարչական շենք։
Դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, թե նա չի ենթարկվել անվտանգության աշխատակիցների օրինական պահանջներին եւ իր ապօրինի գործողությունները չի դադարեցրել նաեւ նախազգուշական կրակոցից հետո։ Ուստիեւ քաղաքացու տեղաշարժը կանխելու եւ նրան վնասազերծելու նպատակով անվտանգության աշխատակիցը հրազենից կրակոց է արձակել վերջինիս ուղղությամբ գոտկատեղից ներքև՝ ձախ ազդրի վերին երրորդականի շրջանում պատճառելով միջանցիկ հրազենային մարմնական վնասվածք։ Դանակն առգրավվել է, իսկ քաղաքացին տեղափոխվել հիվանդանոց:
Օպերատիվ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ԱԺ տարածք ապօրինի մուտք գործած անձը` Վ.Գալստյանը, Մասիս քաղաքի բնակիչ է` 1988 թվականի ծնված։ Նախնական տեղեկություններով` նա նախկինում երկու անգամ դատապարտվել է։
Ահազանգի հիման վրա անմիջապես դեպքի վայր է մեկնել ՀՀ հատուկ քննչական ծառայության քննչական խումբը՝ ՀՔԾ պետի տեղակալ Արմեն Նադիրյանի գլխավորությամբ: Կատարվել են անհրաժեշտ քննչական գործողությունները, դեպքի վայրի տեղազննություն, առգրավվել են այդ թվում ԱԺ նշված տարածքը նկարահանող սարքերը եւ տեսագրությունները։ Տեսաերիզները համապատասխան զննության ենթարկվելուց հետո կտրամադրվեն նաեւ հանրությանը։
Դեպքի կապակցությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի հատկանիշներով, կատարվում է քննություն։




























