Թուրքիայի ոստիկանությունն, այսօր՝ մարտի 25-ին, Անկարայում կազմակերպված գործողության ժամանակ ձերբակալել է 10 մարդու, ովքեր կասկածվում են մարտի 19-ին կառավարական շենքերի վրա հարձակումներ գործելու կասկածանքով: Նրանցից երկուսն առանչություն ունեն փետրվարի 1-ին Անկարայում ԱՄՆ դեսպանատան պայթյունների նախապատրաստությանը:

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Անկարայի ոստիկանությունը գործողություն է իրականացրել 21 հասցեներում, այդ թվում սինդիկատներում եւ գործարար կենտրոններում, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Հիշեցնենք, որ Անկարայում, մարտի 19-ի երեկոյան, Արդարադատության նախարարության շենքի մուտքի մոտ եւ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության գրասենյակի դիմաց անհայտ անձը կամ անձիք նռնակներ են նետել: Համաժամանակյա պայթյունների հետեւանքով վիրավորվել են 2 մարդ, որոնցից մեկը` պաշտոնյա: Պայթյունների պատասխանատվությունն ստանձնել է ձախակողմյան «Հեղափոխական ժողովրդական փրկության կուսակցության ճակատ»-ը (DHKP-C)։

«Տեղեկացանք, որ մեր իրականացրած պայթյունի հետեւանքով մի աշխատակցի կին է թեթեւ վիրավորվել։ Նրա ընտանիքից ներողություն ենք խնդրում»,-նշվել է DHKP-C-ի հաղորդագրության մեջ։