Անդրբայկալում ֆրանսիացին հետ է մնացել Վլադիվաստոկ-Մոսկվա գնացքից՝ առանց իրերի եւ փաստաթղթերի, կիսամերկ մնալով 22 աստիճան սառնամանիքին: Ֆրանսիացին Սբեգա կայարանում հայտնվել է մարտի 23-ին, երբ անհայտ անձինք կռվից հետո դուրս են հրել օտարերկրացուն գնացքից:

«Չիտա.ռու» պորտալը հաղորդել է, որ տղամարդուն թալանել են: Ինչպես հայտնել է «Ինտերֆաքս»-ը՝ ոստիկանները ֆրանսիացուն ջերմացրել եւ տեղավորել են հյուրանոցում:

Անդրբայկալի ՆԳՆ երկաթուղային վարչությունում հերքել են տեղեկությունները, թե ֆրանսիացուն դուրս են հրել գնացքից, եւ որ նա ներքնաշորով է եղել եւ հավաստիացրել են, որ նրա վրա ոչ մի քերծվածք անգամ չկա:Հայտնի է միայն, որ մինչ գնացքից հետ ընկնելը ֆրանսիացին խմել է ռուսների հետ:

Ոստիկանները դժվար կացության մեջ ընկած ֆրանսիացուն տաք վերարկու են հագցրել (այդտեղ սառնամանիքը հասնում է մինչեւ 22 աստիճանի), տեղավորել են հյուրանոցում եւ օգնել են վերականգնել տոմսերն ու փաստաթղթերը: Ներկա պահին ֆրանսիացու հետ աշխատում է թարգմանիչ, նկարագրվում է գնացքը, ուղեւորներն ու ուղեկիցները: