29-ամյա Գրիշա Մարգարյանը մեղադրվում է նրանում, որ «odnoklassniki.ru» սոցիալական կայքի միջոցով ծանոթացել, սիրահետել եւ ամուսնության առաջարկ է արել Արարատի մարզի Ուրցաձոր գյուղի անչափահաս բնակչուհուն եւ թալանել նրանց տան ունեցվածքը: Վեդիի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն՝ 29-ամյա Գրիշա Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ խարդախությամբ խոշոր չափի` 560.000 ՀՀ դրամ եւ 226.868 ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա զարդեր է հափշտակել անչափահասից, որին սիրահետել է «odnoklassniki.ru» սոցիալական կայքի միջոցով:

Վերջինս ծածկագրելով իր իսկական անունը եւ հայտնելով կեղծ կենսագրական տվյալներ` ծանոթություն է հաստատել Արարատի մարզի Ուրցաձոր գյուղի անչափահաս բնակչուհի Զ. Ս.-ի հետ: Շուրջ մեկ ամիս համացանցով , ինչպես նաեւ բջջային հեռախոսակապով շփվելու ընթացքում, նա խաբել է Զ. Ս.-ին, ներկայացել որպես Երեւան քաղաքի Էրեբունի համայնքի բնակիչ Էդգար, իր մասին հայտնել իրականությունը խեղաթյուրող տվյալներ, սիրո խոստովանություններ ու ամուսնության առաջարկություն արել:

Շաբաթներ անց  ոստիկանության հետ ունեցած խնդիրները հարթելու պատրվակով Զ. Ս.-ից խնդրել է 400.000 ՀՀ դրամ 3 օրից վերադարձնելու պայմանով: Ստանալով Զ. Ս-ի համաձայնությունը` Ուրցաձոր գյուղ ուղարկված իր ծանոթ Ռ. Բ.-ի միջոցով Զ. Ս.-ից վերցրել է 400.000 դրամ:

Երկու օր անց, գումարը չբավականացնելու պատրվակով կրկին Ռ. Բ-ի միջոցով Զ. Ս-ից խնդրել է եւս 160.000 ՀՀ դրամ գումար: Գրիշա Մարգարյանը հափշտակված գումարներից երկու անգամ 20.000-ական դրամ Ռ. Բ-ի միջոցով ուղարկել է «Գորիս» ՔԿՀ-ի դատապարտյալ Ռոման Բաղդասարյանի մայր, Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի բնակչուհի Սոնյա Բաղդասարյանին, իսկ մնացյալ գումարը Նոր-Խարբերդ գյուղում, Երեւան եւ Աշտարակ քաղաքներում բաժանել քննությամբ չպարզված անձանց:

Բացի այդ, նա Զ. Ս.-ից խնդրել է նաեւ 226.868 ՀՀ դրամ արժողությամբ 10 գրամ ոսկի, սակայն երբ Ռ. Բ.-ն Վեդիի ՏԶԿ-ի շենքի դիմաց մոտեցել է Զ. Ս.-ին՝ ոսկին ստանալու համար, նրանց են մոտեցել ոստիկանության Արարատի բաժնի աշխատակիցները եւ հրավիրել Արարատի ոստիկանության բաժին:

Քրեական գործ է հարուցվել 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Գործը դատարան է ստացվել մարտի 20-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: