Սյունիք մարզի Ագարակ քաղաքում տեղակայված N զորամասում գլխի շրջանում հրազենային վնասվածք ստացած պայմանագրային զինծառայող, դասակի հրամանատարի տեղակալ, կոչումով սերժանտ 28-ամյա Սարգիս Կարապետյանի կյանքին այս պահին վտանգ չի սպառնում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մեղրիի տարածաշրջանի բժշկական կենտրոնի տնօրեն Ծաղիկ Վարդանյանը: Նրա փոխանցմամբ,  Սարգիսն առաջին բուժօգնությունն ստացել է իրեն բժշկական կենտրոնում, այնուհետեւ տեղափոխվել է Մուրացանի հոսպիտալ:

«Փառք Աստծո, արդեն ճանապարհին՝ մեքենայի մեջ, որոշակի գիտակցության էլեմենտներ են եղել: Մի պահ ուշքի է եկել եւ հարցրել, թե որտեղ է, ինչը նշանակում է, որ շոկային վիճակից դուրս է եկել: Սիսիանում արդեն մեր շտապօգնության բրիգադը հանդիպել է Մուրացանի հոսպիտալի շտապօգնության բրիգադին եւ հիվանդին հանձնել են նրանց»,- ասաց Ծաղիկ Վարդանյանը:

Նրա փոխանցմամբ՝ Մուրացանի հոսպիտալում պարզվել է, որ հեմատոման մեծ չէ եւ այս պահին վիրաբուժական միջամտության կարիք չկա: 

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Սյունիք մարզի Ագարակ քաղաքում տեղակայված N զորամասի զինծառայող, դասակի հրամանատարի տեղակալ, կոչումով սերժանտ 28-ամյա Սարգիս Արմենի Կարապետյանը  գլխի շրջանում հրազենային վնասվածքով տեղափոխվել է Ագարակի հիվանդանոց: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատել էր ՊՆ նախարար Սեյրան Օհանյանի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Սույն գործով քրեական գործ էր հարուցվել 373 հոդվածի 2-րդ մասով` զենքի, ռազմամթերքի եւ շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկաների, նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր վնաս: Այս մասին էլ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր ՀՀ ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը: Սույն հոդվածը պատժվում է կարգապահական գումարտակում պահելով` 1-3 տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` 1-4 տարի ժամկետով: NEWS.am-ի տեղեկություններով ոչ թե տուժողն է զենքի հետ անփույթ վարվել, այլ ծառայակիցը: