Մարտի 25-ի երեկոյան Վրաստանի մի շարք շրջաններում վերականգնվել է էլեկտրահաղորդման գծերի վթարի հետեւանքով դադարեցված էլեկտրաէներգիայի մատակարարումը: Այս մասին նշվել է խոշորագույն էներգետիկ ընկերության` Energo-Pro Georgia-ի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Էլեկտրամատակարարման հետ կապված խնդիրները հիմնականում եղել են Քվեմո Քարթլիի, Շիդա Քարթլիի, Մծխեթա-Մտիանետիի եւ Ջավախքի շրջաններում: Մարտի 24-ին Վրաստանի վրա հասած փոթորիկի պատճառով առանց էլեկտրականության են մնացել ավելի քան 60 հազար բաժանորդներ: Քամին պոկել է տների տանիքները Աջարիայի ինքնավար հանրապետությունում, ինչպես նաեւ Գորիում եւ Թբիլիսիում:
«Էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնվել է փուլերով, եւ այդ ժամանակահատվածում էլեկտրականությունը հաղորդվել է հաստատուն կերպով»,- ասվել է Energo-Pro Georgia-ի հաղորդագրության մեջ, հայտնում է «Նովոստի-Գրուզիա»-ն:




























