Էջմիածնի համայնքային բյուջեի պլանը 2012 թվականին կատարվել է 108,8 տոկոսով. նախատեսված 998 միլիոնի դիմաց հավաքագրվել է մոտ 1 միլիարդ 100 միլիոն: Այս թվերը ներկայացրել է Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը` ավանդույթի համաձայն նախորդ տարվա ընթացքում քաղաքապետարանի կատարած աշխատանքների հաշվետվությունը վերածելով հրապարակային միջոցառման, որին կարող էին ներկա լինել բոլոր կամեցողները: Քաղաքապետը ներկայացրել է, թե որ ուղղություններով եւ ինչպես են ծախսվել բյուջեի միջոցները:
Ներկայացվել է, որ քաղաքապետարանի նորացված կայքը բնակչի հետ հետադարձ կապի հնարավորություն է ընձեռում, իսկ որպեսզի նման հնարավորությունից շատերը կարողանան օգտվել, քաղաքապետարանը նաեւ անվճար դասընթացներ է կազմակերպում ազատամարտիկների ընտանիքների, սոցիալապես խոցելի խավերի համար.
Հաշվետու տարվա ընթացքում բարեխիղճ հարկատուներին տրվել է 10 միլիոն 375 հազար դրամի գույքահարկի արտոնություն:
Քաղաքապետը կարեւորել է այն, որ քաղաքի 8 մանկապարտեզից հինգում արդեն անցկացվել է ժամանակակից ջեռուցման համակարգ: Այս կրթական հաստատությունները ձմեռային արձակուրդից կարողացան վերադառնալ արդեն հունվարի 8-ից:



























