Հայաստանի Քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանը` դատավոր Եվա Դարբինյանի նախագահությամբ, այսօր` մարտի 26-ին անփոփոխ է թողել «Մատաղիսի» գործով արդարացման դատավճիռը:
Հիշեցնենք, որ տուժողներից Ռոման Եղիազարյանի իրավահաջորդ Գոհար Մելքոնյանն իր բողոքով միջնորդել է վերանայել ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը եւ կայացնել ճիշտ վճիռ: Իսկ ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունը պահանջում է ամբողջությամբ բեկանել դատարանի վճիռը, կայացնել մեղադրական դատավճիռ եւ Ռազմիկ Սարգսյանին դատապարտել 7, Արայիկ Զալյանին՝ 8, Մուսա Սերոբյանին` 8 տարի ազատազրկմամբ:
Ռազմիկ Սարգսյանը, Մուսա Սերոբյանը եւ Արայիկ Զալյանը մեղադրվում էին 2003 թ. ծառայության ընթացքում Մատաղիս գյուղի զորամասի ծառայողներ Ռոման Եղիազարյանի եւ Հովսեփ Մկրտումյանի սպանության մեջ:
Վերաքննիչ դատարանի երեկվա՝ մարտի 25-ի նիստում ամբաստանյալները հայտարարել են, որ իրենց դիրքորոշումը չի փոխվել՝ իրենք անմեղ են, առարկել են վերաքննիչ բողոքների դեմ՝ դատարանից խնդրելով մերժել դրանք:
Եվ ինը տարի համառ պայքարից հետո միայն 2012թ. դեկտեմբերի 18-ի դատավճռով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը արդարացրել է նրանց: Պաշտպանական կողմը ապացուցել էր, որ մեղադրանքի հիմքում դրված է միայն Ռազմիկ Սարգսյանի կեղծ ինքնախոստովանական ցուցմունքը, որը կորզվել է խոշտանգումների եւ բռնության միջոցով, ինչի մասին բազմիցս հայտարարել են մեղադրյալները:




























