Հայ ազգային կոնգրես խմբակցության մեջ կան մարդիկ, ովքեր պայքարում են այս շարժման դեմ: Այս մասին այսօր` մարտի 26-ին, Ազատության հրապարակում կայացած ասուլիսի ժամանակ ասաց «Ժառանգության» փոխնախագահ, խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
Նա նշեց, որ այդ խմբակցության մեջ իրենք ունեն շատ լավ ընկերներ, բայց այդ խմբակցության որոշ ներկայացուցիչներ իրենց գնահատականներով չեն տարբերվում ՀՀԿ-ականների հնչեցրած գնահատականներից:
Ռուբեն Հակոբյանը շեշտեց, որ Երեւանի ավագանու ընտրություններին պատրաստ են համագործակցել ՀԱԿ-ի հետ բայց նա խորհուրդ է տալիս իշխանությունների հետ միասին չլծվել` հարվածելու շարժմանը եւ Րաֆֆի Հովհաննիսյանին:
«Ժառանգության» ներկայացուցչի խոսքով` իրենք իրենց չափով կարողացել են պահել հանդուրժողականության մթնոլորտը, համագործակցել են նաեւ ոստիկանության հետ: «Այս շարժման հիմնական նվաճումներից մեկն այն է, որ հարթակը չմենաշնորհվեց, այդտեղ հայտնվեցին ամենատարբեր կողմնորոշում ունեցող գործիչներ, բոլորը հնարավորություն ունեցան խոսել քաղաքական ծրագրերից»,- նշեց նա:
Ռուբեն Հակոբյանը իշխանությունների ուշադրությունը հրավիրեց նաեւ մարտի 23-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած միջադեպին: Նա պատմեց, որ այդ անձնավորությունը ցանկանում էր հասնել մինչեւ հարթակ, որտեղ գտնվում էր Րաֆֆի Հովհաննիսյանը,«այդ ընթացքում նա անցել է ոստիկանների կողքով, ովքեր կանխարգելիչ միջոցներ չեն ձեռնարկել, հայհոյել է, հրել մարդկանց, եթե չլինեին Րաֆֆի Հովհաննիսյանի մոտ կանգնած մարդիկ, դա կարող էր ողբերգական հետեւանքներ ունենալ»:
«Այդ քաղաքացին ձեռքին ունեցել է ինչ-որ բան, չի երեւացել, թե ինչ: Մտահոգիչ է, թե որտեղ է գտնվում այդ քաղաքացին եւ ինչ միջոցառումներ են ձեռնարկվում այդ միջադեպի հետ կապված»,- նշեց Ռուբեն Հակոբյանը:
Հիշելով Սեւան քաղաքում տեղի ունեցած միջադեպը` «Ժառանգության» փոխնախագահն ասաց, որ իշխանություններն այդկերպ կանաչ լույս են վառում քրեական տարրերի համար, որպեսզի ներքաշեն այս քաղաքական զարգացումներում: Նա պահանջում է զերծ մնալ քրեական տարրերի միջոցով ինչ-որ հարցեր լուծելուց:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























