Ինչի՞ հիման վրա պետք է ցրվի Հայաստանի խորհրդարանը, միայն այն պատճառով, որ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է իր հաղթանակի մասի՞ն. աշխարհում չկա նման պրակտիկա: Այդ մասին, այօսր ՝ մարտի 26-ին, կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հանրապետական կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը:
Նրա խոսքով, խորհրդարանական ընտրությունները կայացել են մեկ տարի առաջ, եւ Ազգային Ժողովը, որտեղ ներկայացված են ընդդիմադիր կուսակցությունները, նորմալ աշխատում են: Հայաստանի նախագահի ընտրությունները նույնպես կայացել են, եւ դրանց լեգիտիմությունը ճանաչել է ոչ միայն Սահմանադրական դատարանը, այլեւ աշխարհի շատ երկրներ: Ուստի, ըստ պատգամավորի, արտահերթ ընտրությունների մասին խոսելը տրամաբանական չէ:
Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում «Ժառանգության» կողմից ստվերային կառավարության ձեւավորման հնարավորությանը, Զոհրաբյանը պատասխանել է, թե դա ինքնստինքյան արդեն բացասական երեւույթ է: «Ստվերային կառավարությունը գաղտնի կառույց է, որը պետք է բացահայտել եւ պատժել: Քանի որ նրանք դեռ սահմանափակվում են հանրահավաքներում իրենց խոսքի ազատությունն իրացնելով եւ արտահայտվելով, առայժմ խնդիր չկա: Բայց եթե խոսքից գործի անցնեն, ինչպես դա եղավ 2008թ. մարտին, երբ քաղաքացիական անհնազանդության կոչեր էին հնչում, այդ դեպքերի համար կան ոստիկանությունը, Սահմանադրությունն ու օրենքները: Հանրահավաքները կարող են տարիներ ձգվել, դա իրենց իրավունքն է: Մենք 2008թ. մարտի 1-ի սցենար չենք գծում, սակայն եթե ընդդիմությունն անցնի զինված պայքարի, բնականաբար կառավարությունը թույլ չի տա կործանել դժվարությամբ ստեղծված պետությունը»,- նշել է նա:




























