Չի լինելու կոալիցիոն կառավարություն մեր մասնակցությամբ, կոալիցիան ուրիշ բան է, մեր մոտեցումներով կարող ես լինել ընդդիմություն եւ մաս կազմել պետական կառավարման համակարգին: Այս մասին այսօր` մարտի 26-ին, Ազատության հրապարակում կայացած ասուլիսին ասաց «Ժառանգության» փոխնախագահ, խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: «Հասկանալի է, որ սա կոալիցիա չէ»,- նշեց նա:

Նա նշեց, որ քաղաքացիական ֆորումի ժամանակ անուններ հրապարակվելուց հետո այդ մարդիկ քննադատության արժանացան, քանի որ մեզանում այդ մշակույթը ձեւավորված չէ, բայց նրանց մեջ կան մարդիկ, որոնք կլինեն ցանկում, ուղղակի ;խնդրել են իրենց անունները չհնչեցնել:

Ռուբեն Հակոբյանը առաջարկում է տարաջատել երկխոսությունը բանակցությունից եւ համագործակցությունից: Նրա կարծիքով` երկխոսությունն այն է, երբ ցանկություն են հայտնում նստել զրուցելու, այլ հարց է` այդ երկխոսությունը կարող է դառնալ բանակցություններ, թե ոչ:

Անդրադառնալով ՀԱԿ-ի իշխանությունների հետ երկխոսության նախադեպին` Ռուբեն Հակոբյանը նշեց, որ տառապանքի փորձով շատերը իրենց խորհուրդ են տալիս չգնալ երկխոսության, քանի որ «գցողներ են»: Բայց եթե նախադեպը կա, դա չի նշանակում, որ իրենք պետք է վախենան եւ չգնան երկխոսության` մտածելով, որ կարող են իրենց խաբել, «գցել» կամ ոչինչ չանել: Նա նշեց, որ իրենք ճշտել են նշաձողը, որից այն կողմ չեն գնալու, այն ծրագիրը, որ ներկայացրել են, պետք է հարգվի եւ պետք է լինի ժողովրդի համաձայնության:

«Ժառանգության» փոխնախագահը նշեց նաեւ, որ եթե իշխանությունները դրական են տրամադրված, ապա հում, եփած, կիսաեփած բառերը տեղ չունեն, պետք է դրանից հեռու մնալ: «Ես չգիտեմ, թե ով է խորհուրդ տվել, որ Սերժ Սարգսյանը գրի հում առաջարկությունը, մեր պատասխանի մեջ չկար ձեր շատ եփած առաջարկությունը արտահայտությունը, հում, եփած, կիսաեփած բառերից խորհուրդ կտայի հեռու մնալ»,- ասաց նա:

Նա նշեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը կորոշի գնում է նախագահական նստավայր, թե պատրաստ է Սերժ Սարգսյանին ընդունել միայն Ազատության հրապարակում: Մինչ հացադուլը նա հայտարարել էր, որ ցանկացած պահի կգնա ցանկացած նստավայր, բայց հացադուլը որոշակի նոր կարգավիճակ է ստեղծում:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am