Համատիրությունները մայրաքաղաքային ընտրություններում ՀՀԿ-ի օգտին քարոզչություն իրականացնող մարմնի են վերածվել: Այդ մասին այսօր՝ մարտի 26-ին լրագրողներին ասել է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ մեկնաբանելով Երեւանի ավագանու մայիսի 5-ի ընտրությունների նախապատրաստությունները:

Ըստ նրա՝ համատիրությունների ներկայացուցիչները (որոնք ոչ թե ղեկավարության կողմից նշանակվում, այլ ընտրվում են բնակիչների կողմից) գործնականում  քարոզում են իշխանության օգտին, որն անթույլատրելի է: «Եվ մարդիկ շրջում են բակերով, այս կամ այն միջոցով կոչ անում քվեարկել «լավ ընկերների համար»: Նման ճնշում է գործադրվում նաեւ դպրոցներում ՝ մանկավարժների նկատմամբ: Մարզպետներն իշխող կուսակցության օգտին արդեն գործունեություն են ծավալել Երեւանում», – ասել է Վարդանյանը, ամենայն հավանականությամբ, նկատի ունենալով մայրաքաղաքում չգրանցված, սակայն աշխատելու նպատակով այստեղ գտնվող քաղաքացիների անօրինական քվեարկության կազմակերպման փորձերը:

Այնուամենայնիվ, հավելել է նա, ՀՅԴ-ն բոլոր ջանքերը գործադրում է արդար ընտրություններ անցկացնելու համար: Կուսակցությունը պրոֆեսիոնալ թիմ է հավաքել եւ «ամեն ինչ կանի Հայաստանի Հանրապետական կուսակցության քաղաքական մենաշնորհը ջախջախելու համար»: