Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է առաջիկայում Գազայի հատված այցելելու մտադրության մասին: Այդ մասին նա հայտնել է, ելույթ ունենալով խորհրդարանում:
«Առաջիկայում ես կգնամ Գազա եւ կողջագուրվեմ իմ եղբայրների հետ»,- ասել է Էրդողանը, հայտնում է «ՌԻԱ Նովոսին»` վկայակոչելով թուրքական հեռուստաընկերությունը:
Սա Թուրքիայի վարչապետի առաջին պաշտոնական հայտարարությունն էր այն բանից հետո, երբ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն մարտի 22-ին ներողություն էր խնդրել «Ազատության նավատորմիղի» միջադեպի կապակցությամբ: Ավելի վաղ Էրդողանը չէր բացառել Գազայի հատված այցելելու հնարավորությունը, իսկ Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը նշել էր, թե իրենք չեն խանգարի այդ այցին:
Նշենք, որ մարտի 22-ին հայտնի դարձավ, որ Նեթանյահուն զանգահարել է իր թուրք գործընկերոջը եւ ափսոսանք հայտնել «Ազատության նավատորմիղի» միջադեպի ժամանակ 9 թուրքերի զոհվելու կապակցությամբ` խոստանալով փոխհատուցում վճարել զոհվածների ընտանիքներին: Կողմերը պայմանավորվել են նորմալացնել հարաբերությունները:




























