Եթե նախկինում ՄԻՊ զեկույցը չէր գոհացնում, ապա վերջին զեկույցները շատ գոհացուցիչ են եւ դրական առաջընթաց կա: Այս մասին այսօր` մարտի 26-ին, մամուլի ասուլիսում ասաց ՍԴՀԿ ատենապետ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը: «Ես հավատում եմ, որ այդ նախարարությունները հետեւություններ կանեն եւ այսօր, երբ փորձում են արդարանալ դա արդեն մեծ առաջընթաց է»,- ասաց Լյուդմիլա Սարգսյանը:
Անդրադառնալով ՄԻՊ զեկույցում Երեւանի քաղաքապետարանի գործունեությանը, նա ասաց, որ դրական կողմեր եւս նշվում են, սակայն բացասականն ավելի շատ է: Լյուդմիլա Սարգսյանի խոսքով՝ Երեւանի ավագանու ընտրույթուններն անկյունաքարային են լինելու: «Մեր քաղաքական գործընթացների շարունակությունը տեսնելու ենք ավագանու ընտրությունների արդյունքներում: Շատերը Տարոն Մարգարյանին փորձում են ներկայացնել որպես լավագույն քաղաքապետ: Ես չեմ ցանկանում ուրանալ նրա ամբողջ աշխատանքը եւ լրիվ բացասական լույսի ներքո ներկայացնել, բայց Երեւանն ինձ համար գեղեցիկ կլինի այն ժամանակ, երբ չեն լինի մուրացկաններ, երբ երեւանցին աշխատանք կունենա եւ արժանապատիվ կապրի, ստիպված չի լինի հանապազօրյա հացը վաստակելու համար լքել երկիրը»,- նշեց Լյուդմիլա Սարգսյանը եւ ավելացրեց, որ այսօր անցել է Ռուսաստանի դեսպանատան կողքով, որտեղ հսկայական հերթ է գոյացած եղել:
Ինչ վերաբերում է Երեւանի ավագանու ընտրություններում ՀԱԿ-ի համամասնական ցուցակին, Լյուդմիլա Սարգսյանն ասաց, որ ՀԱԿ-ի ցուցակի անցողիկ տեղում ՍԴՀԿ-ից մեկ անդամ է ընդգրկվել: «Այն ցուցակը, որը գլխավորում է Վահագն Խաչատրյանը, կարծում եմ շատ մեծ հնարավորություն ունի բավականին լուրջ տոկոսներ հավաքելու: Նա լրջագույնս զբաղվելու է հաշմանդամների խնդիրներով, տները կորցրած եւ խաբված քաղաքացիների խնդիրներով»,- ավելացրեց Լյուդմիլա Սարգսյանը՝ հավելելով, որ դրանք նպատակներ են, որոնք հնարավոր կլինի իրագործել, եթե ի դեմս Վահագն Խաչատրյանի, ունենանք Երեւանի նոր քաղաքապետ: Նա նաեւ ակնկալեց, որ մեր ժողովուրդը վերհիշելով Վահագն Խաչատրյանի նախորդ տարիների աշխատանքը՝ նախապատվությունը կտա նրան:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























