«Արմենիան մոլիբդեն փրոդաքշն» ընկերությունը 2012 թ. եւ 2013 թ. առաջին ամիսներին զգալի ավելացրել է ֆեռոմոլիբդենի արտադրությունը: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը:

Մասնավորապես՝ 2012 թ. արտադրվել է 2840 տոննա ֆերոմոլիբդեն՝ 20,1 մլրդ դրամ արժեքով, 12,7%-ով ավելի, քան 2011 թ.:

Ֆեռոմոլիբդենի արտադրության աճը տեղի է ունենում միջազգային շուկայում մոլիբդենի գների անկման ֆոնի ներքո: Այսպես՝ 2013 թ. հունվարին 1 տոննա մոլիբդենի գինը կազմել է 29,1 հազ. դոլար, փետրվարին իջել է մինչեւ 27,8 հազ. դոլար, ու դա արդեն 3 ագամ զիջում է նախաճգնաժամային գներին: Կ. Կարապետյանն ասաց, որ ընկերությունը կարող է շահույթով աշխատել առնվազն 20 դոլար/կգ գնի պայմաններում:

Ընկերության արտադրանքը իր բարձր որակական հատկանիշների շնորհիվ սպառվում է հիմնականում Եվրոպայում՝ հատուկ որակի պողպատի արտադրության համար:

Նշենք, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր՝ մարտի 26-ին աշխատանքային այց կատարեց մոլիբդենի վերամշակման գործարան՝ ծանոթանալով ընկերության ծրագրերին եւ տեխնոլոգիաներին: