Բուրյաթիայից սենատոր Վիտալի Մալկինը, ով, ինչպես պնդում են բլոգերները, երկքաղաքացիություն ու արտերկրում չհայտարարագրված անշարժ գույք ունի, որոշել է վաղաժամ վայր դնել լիազորությունները: Մալկինը խնդրել է զրկել իրեն սենատորի պաշտոնից մարտի 25-ից:
Մալկինը դա բացատրել է իր դեմ սկսված «կեղտոտ եւ վճարովի արշավով» եւ չի ցանկանում հեղինակազրկել Դաշնության խորհուրդը: Նա նաեւ նշել է, թե արշավը կարող էր կապվաշ լինել «Մագնիտսկու գործով» ԱՄՆ այցելության հետ:
Սենատորը հերքել է տեղեկությունները, թե կրկնակի քաղաքացիություն ունի` նշելով, թե հրաժարվել է Իսրայելի քաղաքացիությունից դեռ 2007թ.: Հերքել է նաեւ Կանադայում անշարժ գույք ունենալու մասին լուրերը:
Նշենք, որ Մալկինի երկքաղաքացիության եւ անշարժ գույքի մասին հաղորդել էր Ալեքսեյ Նավալնին` հրապարակելով համապատասխան փաստաթղթերը: Նա նաեւ հայտնել էր, որ Մալկինը մինչեւ 2011թ. 111 առեւտրային գրասենյակներ է ունեցել Կանադայում եւ դա չի նշել հայտարարագրում:




























