Այն ճանապարհը, որն ընտրել է Րաֆֆի Հովհաննիսյանը, ՀԱԿ-ի համար անհասկանալի է: Այս մասին, այսօր` մարտի 26-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՍԴՀԿ ատենապետ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը՝ հավելելով, որ իրենք չեն տեսնում այն տրամաբանական քայլերի շարքը, որով  շարժումը կարող է նպաստել ժողովրդի հաղթանակին:

«Ցավով պետք է ասեմ, որ այն ինչ ակնկալում է Ազատության հրապարակում հավաքված ժողովուրդը, չի արդարացվի: Սխալ է նաեւ, երբ հետընտրական գործընթացները Րաֆֆի Հովհաննիսյանն արդեն վերածում է նախընտրականի եւ զրկում է ինքն իրեն նախագահական ընտրությունների արդյունքներրը  չճանաչելուց»,- նշեց Լյուդմիլա Սարգսյանը:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի նամակագրությանը, նա կրածիք հայտնեց, որ միգուցե դա նոր մշակույթ է, բայց կարծում է, որ չի կարող հաղթական ավարտ ունենալ: «Ես կարծում եմ, որ այն նամակագրությունը եւ այն պահանջները, որը ներկայացրել է Րաֆֆի Հովհաննիսյանը իրատեսական չեն եւ ինքն էլ շատ լավ հասկանում է, որ այն ոլորտները, որը պահանջում է  Սերժ Սարգսյանից, երբեւիցե իշխանությունը չի զիջի, որովհետեւ դա այն ոլորտներն են, որի վրա հենվելով կարողանում է  իշխանությունը պահել: Իսկ անիրատեսական բաներ պահանջելը նշանակում է մերժում ստանալ եւ  հետո ավելի փոքր պահանջներով ընդառաջ գնալ: Դա ես զիջում չեմ համարում, այլ վերջ ի վերջո վերածվելու է  քաղաքական առեւտրի եւ սակարկության: Ցավում եմ, որ  դրա արդյունքում  վերջիվերջո տեսնելու ենք մեր ժողովրդի խորը հիասթափությունը»,- ասաց Լյուդմիլա Սարգսյանը եւ ավելացրեց, որ հարթակից որոշումները կայացնում է մեկ անձ՝ ի դեմս Րաֆֆի Հովհաննիսյանի:

Հարցին, թե իրենք ինչո՞ւ չմասնակցեցին նախագահական ընտրություններին, իսկ ահա Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցում են, ՀԱԿ պատգամավորը պատասխանեց. «Նախագահական ընտրությունները  շատ կանխատեսելի էին: Նաեւ, թե ով կզբաղեցնի երկրորդ տեղը: Երկրորդը պետք է ցանկալի լինի նաեւ իշխանության համար: Դա մեզ համար տեսանելի էր: Հետեւաբար` անիմաստ համարեցինք  մասնակցել: Իսկ ավագանու ընտրություններում համամասնական ցուցակներով են քաղաքական ուժերը մասնակցում: Քաղաքի բնակչությունն ավելի անկաշկանդ է եւ վերահսկողությունն ընտրությունների  օրը եւ հաշվարկի ժամանակ շատ ավելի հեշտ  է»:

Լյուդմիլա Սարգսյանն անկեղծացավ նաեւ, որ իրենք չէին սպասում, որ ժողովուրդը 37 տոկոս ձայն կտա Րաֆֆի Հովհաննիսյանին: «Այո, մենք պետք է ընդունենք, որ մի փոքր շտապել էինք մեր ժողովրդին գնահատական տալու հարցում»,- ասաց Լյուդմիլա Սարգսյանը: Նա նաեւ չբացառեց, որ եթե կարողանան բոլոր ընդդիմադիր ուժերի հետ ավելի ձայներ հավաքել, քան ՀՀԿ-ն, կոալիցիա կձեւավորվի եւ քաղաքապետ կընտրվի ընդդիմության թեկնածուն:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am