Եգիպտոսի գլխավոր դատախազը հինգ ընդդիմադիր ակտիվիստների կալանավորման հրահանգ է տվել, որոնք մեղադրվում են սոցցանցերով «Մահմեդական եղբայրներ» կուսակցության դեմ բռնություն հրահրելու մեջ: Մեղադրյալների թվում է հայտնի բլոգեր Ալաա Աբդ էլ Ֆաթահը, որը նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի դեմ պայքարի խորհրդանիշն էր:
Մեղադրանքների պատճառը մարտի 22-ին «Մահմեդական եղբայրներ» կուսակցության գրասենյակի մոտ տեղի ունեցած անկարգություններ են: Մոտ հազար ակտիվիստներ, զինված փայտերով, դանակներով եւ հրազենով, հարձակվել էին կուսակցության շտաբի վրա: «Մահմեդական եղբայրներին» օգնության էին հասել հազարավոր կողմնակիցներ: Անկարգությունները դադարեցնելու համար ոստիկաններն արցունքաբեր գազ էին կիրառել: Նվազագույնը 130 մարդ հոսպիտալացվել էր:
Այդ իրադարձություններից հետո Մուհամեդ Մուրսին հայտնել էր, որ անկարգություններին մասնակցած քաղաքական գործիչների նկատմամբ կկիրառվեն «անհրաժեշտ միջոցներ»: Ընդդիմադիր «Ազգային փրկության ճակատի» ներկայացուցիչ Հալեդ Դավուդը հայտնել է, որ Մուրսիի քաղաքական հակառակորդներն իրենց վտանգված են զգում, գրում է lenta.ru-ն:
Մարտի 25-ին կուսակցության ներկայացուցիչները 169 մարդու դեմ պաշտոնական բողոք են ներկայացրել դատախազություն, ներառյալ քաղաքական կուսակցությունների առաջնորդներին, անկարգություններին մասնակցելու կամ բռնության հրահրման համար:




























