ՍԴՀԿ ատենապետ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը չի զարմանա, եթե ՕԵԿ-ը հաղթի ՀՀԿ-ին Երեւանի ավագանու ընտրություններին եւ կոալիցիա առաջարկի ՀՀԿ-ին: Այս մասին նա ասաց այսօր` մարտի 26-ին, մամուլի ասուլիսի ժամանակ՝ արձագանքելով ՕԵԿ-ական Հովհաննես Շահինյանի այն արտահայտությանը, թե պայքարը գնալու է ՕԵԿ-ի եւ ՀՀԿ-ի միջեւ: «Դա, իհարկե, հումոր էր: Իրականում ՕԵԿ-ը շատ կոմպլեքսավորված կուսակցություն է այն առումով, որ 120 հոգի ներկայացնելու բացարձակ անհրաժեշտություն չկար 65 տեղի համար: Դա խոսում է մի բանի մասին, որ ուզում են ապացուցել, որ որպես կուսակցություն կան եւ բավականին շատ անդամներ ունեն»,-ասաց Լյուդմիլա Սարգսյանը, ով Հովհաննես Շահինյանին խորհուրդ տվեց մինչեւ սեփական քաղաքական ուժի գերակայությունը ՀՀԿ-ի նկատմամբ հնչեցնելը մտածել ինչ պատասխան է ստանալու ՀՀԿ-ից ընտրություններից անմիջապես հետո:
«Ես չեմ զարմանա, որ Երեւանի քաղաքապետի ընտրություններում ՕԵԿ-ը ոչ մի տեղ չունենա: Իսկ ՀԱԿ-ի հիմնական մրցակիցը կլինի ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ Ժառանգությունը»,- ասաց Լյուդմիլա Սարգսյանը: Ի դեպ, Լյուդմիլա Սարգսյանն ասաց, որ եթե Րաֆֆի Հովհաննիսյանն ընտրեր Լեւոն Տեր-Պետրոսյանի մարտավարությունը, հաջողությունների կհասներ: «Կարծում եմ, որ այս անգամ հետընտրական գործընթացներն այնքան երկար չէին տեւի ինչքան Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ: Իշխանությունը ստիպված կլիներ քայլ առ քայլ զիջելու եւ Երեւանի ավագանու ընտրություններում իշխանությունը կվերացներ ընդդիմությունը»,- ասաց Լյուդմիլա Սարգսյանը եւ ավելացրեց, որ հիմա հանգիստ պայքար է գնում, քանի որ իշխանությունը վտանգ չի տեսնում:
Ըստ նրա՝ հացադուլն իշխանությանն անելանելի վիճակի մեջ դրեց, սակայն դա էլ իր նպատակին չի կարողանում ծառայել: Ավելին` իմ համար անհասկանալի է, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարում է, թե միայն իր դիակի վրա կարող է անցել երդմնակալությունը: Հետո ասում է, որ ինքը եւս ապրիլի 9-ին երդմնակալություն է անցկացնելու: Դրանից հետո էլ ասում է եկեք խոսենք: Ես դրա մեջ տրամաբանություն չեմ տեսնում»,- նշեց Լյուդմիլա Սարգսյանը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























