Ընտրացուցակներում ընտրողների թվի արհեստական ուռճացման հետ մեկտեղ ընտրակաշառքների բաժանման մեխանիզմը ընտրությունները դարձնում է անիմաստ զբաղմունք՝ պարզունակ առեւտուր: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:

«Հասարակությունը եւ քաղաքական ուժերը այսօր կանգնած են հերթական անգամ՝ առաջիկայում կայանալիք Երեւանի քաղաքապետի եւ ավագանու ընտրություններին, նույն փոցխին կանգնելու ռեալ վտանգի առջեւ: Սերժի եւ Րաֆֆիի միջեւ նամակագրությունը, կլանելով հասարակության ուշադրությունը, շեղում է այն ճշմարտության գիտակցումից, որ իշխող վարչախումբը ձգտում է ժամանակ շահել եւ նույն, փորձված մեթոդներով անցկացնել առաջիկայում կայանալիք Երեւանի քաղաքապետի եւ ավագանու 2013 թ. ընտրությունները: Այդ հնարավորությունը բացառելու համար ընդդիմությունը պարտավոր է անհապաղ խորհրդարանում հարցը դնել կամ-կամի տեսքով. կամ ընտրական օրենսգրքում պետք է շուտափույթ փոփոխություններ կատարվեն, որոնք կլուծեն քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակների հրապարակման հարցը եւ կարգելեն ընտրարշավի ընթացքում կուսակցությունների, ինչպես նաեւ  ընտրություններին մասնակցող նրանց թիմակիցների կողմից «բարեգործությունները», կամ իրական ընդդիմադիրները պետք է վայր դնեն ԱԺ մանդատները, իսկ իրապես ընդդիմադիր կուսակցությունները՝  հրաժարվեն Երեւանի քաղաքապետի եւ ավագանու ընտրություններին մասնակցելուց:

Եթե այդպես չվարվեն, իրենց ներկայությամբ քրեաօլիգարխիկ վարչախմբի կողմից հերթական անգամ կեղծված ընտրությունները կդառնան հասարակության նոր հիասթափության պատճառ՝  կոտրելով համաժողովրդական շարժման թափը»,-գրել է նա:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am