Հայաստանի ՊՆ ռազմական ոստիկանության ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, մարտի 25-ին ժամը 17:00-ի սահմաններում կաշառք տալու եւ ստանալու պահին Երեւան քաղաքի Մաշտոցի պողոտայից ՊՆ ՌՈ օպերատիվ հետախուզական բաժին բերման են ենթարկվել  ԶՈՒ զորամասերից մեկի գումարտակի հրամանատար, 35-ամյա փոխգնդապետ Ս. Մ.-ն, եւ տարբեր զորամասերում ծառայող, դասակի հրամանատարներ՝ ավագ լեյտենանտ Ա.Ա.-ն եւ կապիտան Ա.Մ.-ն:

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նյութերի նախապատրաստման ընթացքում Ս.Մ.-ն բացատրություն է տվել, որ իր ընկերոջ՝  Ա.Մ-ի միջնորդությամբ, Ա.Ա.-ից վերցրել է խոշոր չափի գումար, որպեսզի վերջինս իր ծառայության վայրից չտեղափոխվի սահմանամերձ զորամաս:

Ս.Մ. խոստովանական ցուցմունք է տվել եւ հայտնել նաեւ, որ 2012 թվականի հուլիս-սեպտեմբերին,  տարբեր զինծառայողներից վերցրել է խոշոր չափերի գումարներ, որպեսզի միջնորդի, նրանց տարբեր պաշտոնների նշանակմանը:

Վերոնշյալը հիմնավորվել է Ա.Մ-ի եւ Ա.Ա.-ի կողմից տրված հաղորդումներով:

Նախապատրաստված նյութերով ՊՆ Քննչական ծառայության ՀԿԳ քննչական բաժնում  հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. օր.-ի 178-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Փոխգնդապետ Ս.Մ.-ն ձերբակալվել է: