NEWS.am-ը աննշան կրճատումներով ներկայացնում է «Today’s Zaman»-ում հրապարակված, անկախ վերլուծաբան Ալին Օզինյանի հոդվածը:

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով փետրվարի 18-ին կայացած  նախագահական ընտրություններում 37 տոկոս ձայն է ստացել եւ զբաղեցրել երկրորդ տեղը Սերժ Սարգսյանից հետո, վիճարկում է ընտրությունների արդյունքները կոչ է անում Սարգսյանին կրկնակի ընտրություններ անցկացնել:

Ընտրություններից առաջ ոչ ոք չէր սպասում, որ Հովհաննիսյանը, ով Հայաստանի ԱԳ առաջին նախարարն է եղել, ընտրություններում նման հաջողության կարող է հասնել: Շատերը համաձայն են, որ Սարգսյանի դեմ տրամադրված ընտրողներն իրենց ձայնը տվել են Րաֆֆի Հովհաննիսյանին:

Ընտրությունների արդյունքների ի հայտ գալուց հետո Հովհաննիսյանն իրեն հայտարարել է «ժողովրդի կողմից ընտրված իրական նախագահ» եւ սկսել բողոքի ակցիաների շարք իրականացնել:

Իր նախընտրական քարոզչության ընթացքում Րաֆֆին (նրան այդպես են կոչում), քայլում էր փողոցներով, բարեւում մարդկանց, այցելում մետրո, փորձում զրուցել հասարակության բոլոր շերտերի ներկայացուցիչների հետ եւ նա ընտրություններից հետո պահպանել է իր այդ մոտեցումը:
Րաֆֆի Հովհաննիսյանը ողջունելով մարդկանց եւ ասելով «բարեւ», սկսել է իր նոր արշավը, որը կոչել է «ԲաREVOLUTION»: Այսօր մարիկ կատակում են, ասելով. «Բարեւն Աստծունն էր, բայց հիմա արդեն Րաֆֆիին է: Հիմա ինչպե՞ս են Սերժ Սարգսյանի կողմնակիները բարեւում իրար»:

Թեեւ դա ժամանակացույցում նշված չէր, Սարգսյանը մարտի 12-ին որպես վերընտրված նախագահ առաջին արտասահմանյան այցը կատարեց Մոսկվա եւ հանդիպեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Պուտինն իհարկե շնորհավորեց եւ հաջողություն մաղթեց ապագա ձեռքբերումներում:  Թվում է, թե Սարգսյանը, որն ավագ եղբոր հավանությունը ստանալուց հետո  վերադարձավ Հայաստան, թերահավատորեն է վերաբերվում եւ անհանգստանում է Հովհաննիսյանի պատճառով: Իրականում բոլոր հայերը ցանկանում են ավելի թափանցիկ կառավարություն եւ ավելի լավ կյանք, հենց այդ պատճառով են մարդիկ առայսօր Հովհաննիսյանի կողքին: Մյուս կողմից, նրանք, ովքեր վերջինիս պահանջները հիացմունքի արժանի են համարում, կարծում են, որ նա ոչ ծրագիր, ոչ էլ այդքան ուժ ունի, որ կառավարությանը ստիպի նոր ընտրություններ անցկացնել:

Փաստն այն է, որ հացադուլը վերջին միջոց համարող Հովհաննիսյանի միակ պահանջն այն է, որ Սարգսյանի հետ հանդիպի Ազատության հրապարակում: Սարգսյանը Հովհաննիսյանին լուրջ չի վերաբերվում եւ շարունակում է մերժել նրա պահանջը: Քիչ հավանական է թվում այն, որ Հովհաննիսյանը հացադուլի միջոցով ինչ-որ բանի կհասնի, եթե հաշվի առնենք փաստը, որ Սարգսյանը նրա վրա ոչ մի ուշադրություն  չի դարձնում: Մարդիկ սպասում ու սպասում են ապրիլի 8-ի հանրահավաքին, որին 1 մլն մարդու մասնակցություն է ակնկալվում, այդ թվում՝ սփյուռքի ներկայացուցիչների: Այնպես որ, ապրիլի 8-ը կամ կդառնա  «Բարեւի հեղափոխության» ուղենիշը, կամ հրապարակներում Հովհաննիսյանին հանդիպելու վերջին օրը: