Այսօր՝ մարտի 26-ին, Հայաստանի ԱԻՆ-ում տեղի է ունեցել հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարում էր նախարար Արմեն Երիցյանը։

Խորհրդակցության ընթացքում ՓԾ տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանը զեկուցել է շաբաթվա ընթացքում գրանցված արտակարգ դեպք-պատահարների ու արձագանքման միջոցառումների մասին։ Նախարարին զեկուցվել է նաեւ, որ ՀՀ պաշտպանության նախարարության թռիչքային պարապմունքներին կմասնակցեն ՓԾ օդադեսանտային ջոկատի անդամները` 25 հոգուց բաղկացած կազմով, իսկ ապրիլի 1-10-ն ընկած ժամանակահատվածում չորս փրկարար կմասնակցի շվեյցարացիների կողմից կազմակերպվող ականազերծման դասընթացներին։ ԱԻ նախարարի հրամանով հանրապետության բոլոր մարզերը պետք է ապահովված լինեն ականազերծման մասնագետներով։

Օրերս փրկարար ծառայությունը ձեռք է բերել նաեւ նոր, ժամանակակից ջրասուզակային հանդերձանք եւ սարքավորումներ, որոնք տրամադրվելու են հատուկ ջրափրկարարական ջոկատին։

ՍՊԾ գործակալության պետ Հ. Պետրոսյանը տեղեկացրել է, որ ՀԱԷԿ-ի շուրջը տեղադրվող նոր սեյսմիկ կայաններն արդեն գտնվում են Հայաստանում եւ շուտով կտեղադրվեն ատոմակայանի շուրջը. այսինքն` ներկայիս հին կայանները կփոխարինվեն նոր, ժամանակակից թվային կայաններով։ Այնտեղից ստացված բոլոր տվյալները կփոխանցվեն ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոն։ ՍՊԾ գործակալության պետը նաեւ հայտնել է, որ ԱԻՆ թանգարանը շուտով կհամալրվի սեյսմիկ սարքերի հին նմուշներով։

Հիդրոմետ ծառայությունն աչալուրջ հետեւում է եղանակային փոփոխություններին եւ այս օրերին մշտապես կապի մեջ է եղել Արարատի եւ Արմավիրի մարզպետարանների հետ` զգուշացնելով եղանակային հնարավոր փոփոխությունների մասին, որոնք կարող էին լուրջ վնաս հասցնել սպասվող բերքին։

Խորհրդակցության ընթացքում նշվել է նաեւ, որ Հարավկովկասյան երկաթուղու մասնագետների հետ համատեղ ուսումնասիրվում են Լոռիի, Շիրակի եւ Գեղարքունիքի մարզերի սողանքային գոտիները, որոնց վրա պետք է փարոսիկներ տեղադրել` սողանքային երեւույթներին հետեւելու համար։

Ավարտին են մոտենում նաեւ ԱԻՆ նորակառույց մշակույթի կենտրոնի պաշտոնական բացման արարողության նախապատրաստական աշխատանքները։