Հալեպում սիրիական ընդդիմության զինյալների կողմից քիմիական զենքի կիրառման արդյունքում հայ համայնքի ներկայացուցիչներ չեն տուժել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Բերիո թեմի մամլո քարտուղար Ժիրայր Ռեիսյանը: Նրա խոսքով` մասնակի վերականգնվել է էլեկտրամատակարարումը, որը չորս օր շարունակ անջատված էր: Վատ է գործում բջջային կապը. գրեթե անհնար է կապվել Հալեպի հետ:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ մարտի 19-ին Սիրիայի իշխանություններն ընդդիմության զինյալներին մեղադրել էին Հալեպում քիմիական զենք կիրառելու համար:
Երկրի տեղեկատվության նախարար Օմրան ալ Զոուբին միջազգային հանրությունից եւ «ահաբեկիչներին ֆինանսավորող եւ զինող երկրներից» պահանջել էր պատասխանատվություն ստանձնել միջազգային իրավունքով արգելված զենքի կիրառման համար: Նախարարը Թուրքիայի եւ Քաթարի կառավարությունների խղճին 25 մարդու մահվան, 100-ի վիրավորվելու բարոյական պատասխանատվություն էր դրել, հաղորդել էր Սիրիայի ՍԱՆԱ պետական տեղեկատվական գործակալությունը:




























