Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն այսօր՝ մարտի 26-ի նիստում որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 8%: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Ըստ հաղորդագրության՝ 2013թ. փետրվարին արձանագրվել է 0.4% գնանկում, ինչի արդյունքում 12-ամսյա գնաճը կազմել է 3.1%:
ԿԲ խորհուրդն արձանագրել է, որ արտաքին հատվածում պահպանվել են զարգացած երկրների պարտքային հիմնախնդիրների քաղաքական լուծումների վերաբերյալ անորոշությունները եւ համաշխարհային տնտեսական աճի տեմպերի դանդաղման միտումները: Այդ պայմաններում հումքային հիմնական ապրանքների միջազգային շուկայում գրանցվել են չափավոր աճի, իսկ պարենային հիմնական ապրանքների միջազգային շուկայում՝ գնանկումային միտումներ: Արտաքին հատվածից գնաճային ճնշումներ չեն ակնկալվում:
ՀՀ տնտեսությունում իրական տնտեսական աճը գերազանցել է ակնկալիքները՝ պայմանավորված հիմնականում արդյունաբերության եւ ծառայությունների կանխատեսվածից բարձր աճերով, ինչն էլ ուղեկցվել է մասնավոր ծախսումների՝ սպասվածից բարձր աճով: Այդ ընթացքում Կառավարության կողմից իրականացվել է դրամավարկային քաղաքականության 2013թ. առաջին եռամսյակի ծրագրում դրված բազային սցենարի համեմատ առավել զսպող հարկաբյուջետային քաղաքականություն, ինչը հիմնականում չեզոքացրել է ներքին գների վրա մասնավոր պահանջարկի գնաճային ազդեցությունը: Այս պարագայում, ինչպես եւ ակնկալվում էր, կանխատեսվող հորիզոնում գնաճի վրա ներքին տնտեսության ազդեցությունը մնում է թույլ գնաճային:
Հաշվի առնելով վերոնշյալ զարգացումները, ինչպես նաև կանխատեսվող հորիզոնում ՀՀ տնտեսությունից սպասվող թույլ գնաճային միջավայրի ազդեցությունը 12-ամսյա գնաճի հետագա վարքագծի վրա, ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում շարունակել ծրագրով նախատեսված չեզոք դրամավարկային քաղաքականության իրականացումը՝ անփոփոխ թողնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը:
Գնահատվում է, որ մինչեւ երկրորդ կիսամյակ 12-ամսյա գնաճը կմոտենա 4% նպատակային ցուցանիշին եւ կանխատեսող հորիզոնում կպահպանվի դրա շրջանակներում
Նշենք, որ վերջին անգամ վերաֆինանսավորման տոկոսադրույքը փոխվել է 2011 թ. սեպտեմբերին` նվազեցվելով 0.5 տոկոսային կետով:



























