Ազատության հրապարակում մարտի 23-ին տեղի ունեցած միջադեպի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի դեմ մահափորձի մասին «Ժառանգություն» կուսակցության հայտարարության հիման վրա Կենտրոնի դատախազությունը հարուցել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի (խուլիգանություն) հատկանիշներով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը:

Գործն ուղղարկվել է ոստիկանություն նախաքննություն իրականացնելու: Հանձնարարվել է սեղմ ժամկետում պարզել դեպքի բոլոր հանգամանքները եւ ապահովվել քննության օբյեկտիվությունը, լրիվությունը եւ բազմակողմանիությունը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստանի ոստիկանությունը քննում է մարտի 23-ին, Ազատության հրապարակում տեղի ունեցած միջադեպի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի դեմ մահափորձի մասին «Ժառանգություն» կուսակցության հայտարարության հանգամանքները: «Հանգամանքները պարզվում են, ճանաչման գործընթաց է գնում»,-ասել էին ոստիկանությունից: Արդեն պարզվել է, որ միջադեպի մեղավորը 51-ամյա Ղազար. Գ.-ն է:

Տեղեկացրել էինք նաեւ, որ «Ժառանգություն» կուսակցությունը հայտարարել էր, որ մարտի 23-ին, ժամը 18:00-ի սահմաններում, Ազատության հրապարակում անհայտ տղամարդը գոռում-գոչյունով կատաղի կերպով ճեղքել է հավաքված բազմության շարքերը եւ ուղղվեց դեպի հարթակ, ուր Րաֆֆի Հովհաննիսյանը մասնակցում էր  «Բարեւահեղափոխություն» շարժման ամենշաբաթյա համերգին: «Ժառանգությունը» պնդում է, որ ոստիկանները անգործություն են դրսեւորել մինչ այն պահը, երբ քաղաքացիներն իրենք շրջափակել են Հովհաննիսյանից տասը մետր հեռավորության վրա գտնվող տղամարդուն:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am