Տավուշի մարզի Վերին Ծաղկավան գյուղում, մարտի 22-ին, արձանագրվել է բոտուլիզմի դեպք` մեկ տուժածով:

Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ տուժածը մարտի 17-ին կնոջ հետ օգտագործել է տնային պայմաններում պահածոյացված լոլիկի մարինադ` ուտելով միայն պահածոյի պղպեղը: Հաջորդ օրը հիվանդի մոտ ի հայտ են եկել սրտխառնոց, փսխումներ եւ լուծ:

Հիվանդը տանը կատարել է միայն ստամոքսի լվացում եւ բժշկի չի դիմել։ Նրա վիճակը գնալով ծանրացել է, ի հայտ են եկել նաեւ բոտուլիզմին բնորոշ ախտանշաններ` թուլություն, մշուշոտ տեսողություն, երկտեսություն, դժվարացած շնչառություն, ձայնի խռպոտություն, կլման ակտի խանգարում: Մարտի 22-ին հիվանդը դիմել է Բերդի բժշկական կենտրոն, որտեղից տեղափոխվել եւ հոսպիտալացվել է Երեւանի «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց:

Հիվանդի վիճակը գնահատվում է միջին ծանրության, բուժումը շարունակվում է:

Լոլիկի պահածո օգտագործած կնոջ մոտ բոտուլիզմին բնորոշ ախտանշաններ չկան:

Բոտուլիզմից խուսափելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը կրկին ու կրկին հորդորում է.

• խուսափեք տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից,

• տնային պայմաններում պատրաստված պահածոներն օգտագործելուց առաջ ենթարկեք ջերմային մշակման` պահածոյի պարունակությունը եռացնելով 20-25 րոպե,

• մի գնեք տնային պայմաններում պատրաստված պահածոներ շուկայից կամ պատահական անհատներից,

• առաջին ախտանշաններն ի հայտ գալուն պես անմիջապես դիմեք բժշկի: