Եթե սա շախմատի խաղ է, ապա կյանքի, իրավունքի, հայրենիքի համար է: Այս մասին այսօր` մարտի 26-ին, Ազատության հրապարակում քաղաքացիական խորհրդի հերթական նիստի ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյան: Նա խորհուրդ տվեց չկասկածել միասնականության հարցում: «Մենք միասին՝ ես եւ իմ ընկերները, մենք տանելու ենք բոլոր ճակատների վրա: Բարդ հաղթանակի բարդ լուծումը տանելու ենք կոմբինացիայով, որը բերելու է հաղթանակի»,- վստահեցրեց Րաֆֆի Հովհաննիսյանը եւ ավելացրեց, որ զուգահեռ ուղիները, որ գալիս են խաչմերուկ, բոլորը մեզ պետք են:
Նրա խոսքով՝ բոլոր ուղիներին պետք է սնունդ եւ ուժ տրվի, քանի որ դա բերելու է հաղթանակի` Հայաստան-Սփյուռք-Արցախ միասնությամբ, ինչպես նաեւ Երեւանի քաղաքապետի եւ ավագանու ընտրության պայքարում:
Ի դեպ, Րաֆֆի Հովհաննիսյանն, անդրադառնալով Երեւանի ավագանու ընտրություններին, նշեց, որ ԺՈՒԿ առաջնորդ Մանուել Գասպարյանն այսօր փոխանցել է, որ «Բարեւ, Երեւան» դաշինքի ցուցակի 18 համարին, ով գրադարանավարուհի է, աշխատանքից ազատել են, ասելով, թե հրահանգը վերեւից է: Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ ով ճնշվում է քաղաքական հայացքների համար, պետք է կարողանան նրա կողքը կանգնել:
«Եթե այս հետքը հասնի քաղաքապետարան եւ քաղաքապետ Տարոն Մարգարյանի երջանկահիշատակ հայրը, որքան էլ կարգին, ազգասեր մարդ եղած լինի, Տարոն Մարգարյանը պիտի պատասխան տա այս գրադարանավարի համար»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նշենք, որ մինչեւ քաղաքացիական խորհրդի նիստը սկսելն Ազատության հրապարկում էին արդեն հավաքվել Հայաստան-Չեխիա խաղի հայ երկրպագուները: Րաֆֆի Հովհաննիսյանը գնաց եւ ողջունեց երիտասարդներին, ինչին հաջորդեցին «Հայաստան» , «Հաղթանակ» վանկարկումները:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























