РБК-ТВ հեռուստաալիքն ու հայտնի միլիարդատեր Ռոման Աբրամովիչը փորձում են առանց դատարանի լուծել կոնֆլիկտը, որը ծագել է ԱՄՆ-ում գործարարի ձերբակալման լուրի հետ կապված: Այս մասին «Փրայմ»-ին հայտնել է Աբրամովիչի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Մանը: Ավելի վաղ Մանն ասել էր, որ չի բացառում РБК-ТВ-ի նկատմամբ իրավական գործողությունների հնարավորությունը:

РБК-ТВ-ի այդ տեղեկությունը, որը տարածել էին այլ լրատվամիջոցներ, հանգեցրել է այն ակտիվների բաժնետոմսերի գների անկման, որոնցում մասնաբաժին ունի Աբրամովիչը: Մանը հայտարարել է, որ իրեն է զանգահարել РБК-ТВ-ի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Լյուբիմովը: «Մենք РБК-ТВ-ի հետ կփորձենք լուծել այս հարցը խաղաղ ճանապարհով»,-ասել է Մանը՝ հավելելով, որ այդ թեմայի շուրջ խոսել է Աբրամովիչի հետ եւ «որոշում դեռ չի կայացվել»:

РБК մեդիոհոլդինգը պատկանում է Միխայիլ Պրոխորովի «Օնեքսիմ» կառույցին: «Ես տեղյակ եմ, բայց ես չեմ խառնվում լրագրողների աշխատանքին»,-ասել է Պրոխորովը՝ մեկնաբանելով ստեղծված իրավիճակը:

Փորձագետները նշում են, որ եթե Աբրամովիչը փորձի հարցը լուծել դատարանում, ապա նրա հաղթանակի դեպքում անգամ, փոխհատուցումն աննշան կլինի՝ ՌԴ օրենսդրության շնորհիվ: