Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) այնդամ երկրները պայմանավորվել են Երուսաղեմի աջակցության հիմնադրամ ստեղծել՝ մեկ մլրդ դոլար բյուջեով: Որոշումն ընդունվել է մարտի 26-ին Դոհայում անցկացված կազմակերպության 24-րդ գագաթաժողովում:

Հիմնադրամ ստեղծելու նախաձեռնությամբ հանդես է եկել Քաթարի էմիր Համադ բեն Խալիֆ Ալ Թանին, որը 250 մլն դոլար ներդնելու պատրաստակամություն է հայտնել, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Քաթարի էմիրը նաեւ Եգիպտոսի ղեկավարությամբ Պաղեստինի հարցովփոքր գագաթաժողով հրավիրելու առաջարկ է հայտնել,  ինչը հաշտության համաձայնագրերի հիմք կդներ պաղեստինյան ՖԱԹՀ եւ ՀԱՄԱՍ շարժումների միջեւ:

Երուսաղեմի աջակցության հիմնադրամի նպատակն է ֆինանսավորել այն նախագծերն ու ծրագրերը, որոնք ուղղված են քաղաքի արաբական եւ իսլամական կերպարի  պահպանմանը, նաեւ՝  ժողովրդի դիմացկունության ամրապնդմանը: Իսլամական համագործակցության կազմակերպության հովանու ներքո հիմնադրամը ղեկավարելու է Իսլամական զարգացման բանկը, որը գտնվում է Սաուդյան Արաբիայում, հայտնում է Pravda.ru-ն:

ԱՊԼ-ի առաջնորդները նաեւ Եվրոպային եւ ԱՄՆ-ին կոչ են արել ճանաչել Պաղեստին պետությունը՝ ակնկալելով Գազայի հատվածի շրջափակումը հանելու հարցում համաշխարհային հանրության աջակցությունը, նաեւ քննարկվել է Իրաքում, Լիբիայում, Սուդանում եւ Սոմալիում տիրող իրավիճակը, «իրանական դոսյեն»: