Հայաստանում մոնոպոլ դիրք ունեցող միջազգային ընկերությունների շահույթը 3-4 տոկոս պետք է լինի, իսկ մեզ մոտ կոնկրետ գազի շուկայում շահույթը 10 տոկոս է հաշվարկված: Այս մասին, այսօր` մարտի 27-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:

Նա տեղեկացրեց, որ  իրենք գազի սակագինը վերանայելու հարց են բարձրացրել, իսկ էներգետիկայի նախարարն ասել է, որ այս տարի գազի գնի թանկացում չի սպասվում:

Հովհաննես Մարգարյանի խոսքով՝ տվյալ շուկայում մրցակցություն չկա եւ մարդիկ, այսպես, թե այնպես, գազ սպառելու են: «Գոնե սպասարկման վճարն իրենց վրա վերցնեն: Տեսնենք թե ինչպես են իրադարձությունները զարգանում: Առաջիկայում ավելի մանրամասն կներկայացնենք մեր պահանջները»,- ասաց Հովհաննես Մարգարյանը:

Անդրադառնալով գազի որակին, նա ընդգծեց. «Խոսակցություն եղավ, որ Ռուսաստանում սուրճն ավելի արագ է եփվում գազօջախի վրա, քան՝ այստեղ: Այս հարցը եւս պահելու ենք մեր ուշադրության կենտրոնում»: