Սիրիական պետական ՍԱՆԱ գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն գովել է Արաբական պետությունների լիգայի գործընկերներին՝ Սիրիայում «տարատեսակ հանցագործությունների կատարմանն իրենց ներդրման համար»: Նա ԱՊԼ գագաթնաժողովին հայտարարել է, թե Անկարան բոլոր ջանքերը գործադրելու է, որ ՄԱԿ-ում Սիրիայի տեղը տրվի զինված ընդդիմության ներկայացուցիչներին:

Միաժամանակ Իրաքը հաստատել է, որ սիրիական ճգնաժամի լուծումը հնարավոր է միայն քաղաքական եղանակով, սիրիացիների ձեռքով: Իրաքի փոխնախագահ Հուդեյր Ա-Խուզաին գագաթաժողովում իր ելույթում նշել է, թե իր երկիրը թույլ չի տա արտաքին միջամտություն Սիրիայի ներքին գործերին: Ալ-Խուզաին հայտարարել է, թե ԱՊԼ կանոնադրության 8-րդ հոդվածը պահանջում է հարգել ցանկացած պետության` անկախ նրա քաղաքական համակարգից:

Սիրիայի վարչակազմի դիրքորոշումն արտահայտող ՍԱՆԱ գործակալությունը նշել է. «Իր հերթին Քաթարի միապետական ռեժիմի ղեկավարն իր նախագահությունը սկսել է` կոչ անելով «քաթարյան կոալիցիա»-ին կոչ անելով զբաղեցնել Սիրիայի տեղն ԱՊԼ-ում:

Միեւնույն ժամանակ ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում մեկնաբանել է ԱՊԼ որոշումը` գագաթնաժողովում Սիրիայի տեղը ընդդիմությանը տալու առաջարկը: «Դա նշանակում է, որ Արաբական պետությունների լիգան վերջնականապես իրեն դուրս է դրել ճգնաժամի քաղաքական կարգավորման որոնման գործընթացից: Կազմակերպությունն ի սկզբանե հայտնվել է որոշակի ծայրահեղական ուժերի եւ պետությունների ազդեցության տակ»,- ընդգծել է Չուրկինը:

Նշենք, որ ըստ AFP-ի, Սիրիայի ընդդիմությունը տեղ է ստացել Արաբական պետությունների լիգայում եւ արդեն մարտի 26-ին այդ կառույցում օրինական կառավարության փոխարեն ներկայացրել է Սիրիան: Ընդդիմադիրներին Սիրիայի օրինական իշխանություն ճանաչելու գաղափարի ամենաակտիվ լոբբիստներ էին համարվում Թուրքիան, Քաթարն ու Սաուդյան Արաբիան, որոնք հովանավորում են Սիրիայի զինված ընդդիմությանը: